Թուրքական մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուից բացի, գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) բազմաթիվ անդամներ առաջիկայում կարող են ազատ արձակվել։
Ստամբուլի քաղաքապետարանի դեմ մարտի 19-ին իրականացված գործողությունից հետո մի շարք ԺՀԿ-ական քաղաքապետեր և ավագանու անդամներ կալանավորվել էին։ Սակայն մինչ օրս Իմամօղլուի վերաբերյալ մեղադրական եզրակացություն չի կազմվել։
Լրագրող Ջան Ջոշքունի փոխանցմամբ՝ խոսակցություններ կան, որ որոշ շրջանային ղեկավարներ և տասնյակ ավագանու անդամներ շուտով կարող են ազատ արձակվել։ Խոսքը վերաբերվում է ոչ միայն ԺՀԿ-ականների ազատ արձակմանը, այլև լրագրողներին և հանրային ուշադրության կենտրոնում գտնվող որոշ հայտնի անձանց:
Նշենք, որ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) հետ դաշինքի մեջ գտնվող «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին կոչ է արել արդարադատության նախարարությանը՝ արագացնելու գործընթացները և ապահովելու արդար դատաքննություն։
Աղբյուր՝ Kronos38










