• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
15 Սեպտեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

«Առանց ահաբեկչության Թուրքիա»-ից դեպի «Առանց ահաբեկչության տարածաշրջան»

16:21, 15 Սեպտեմբեր 2026
- Գլխավոր, Հոդված, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Երբ Թուրքիայում մեկնարկեց «Առանց ահաբեկչության Թուրքիա» տեսլականի գործընթացը, այն առաջին հերթին ներկայացվում էր որպես երկրի ներսում երկար տարիներ շարունակվող զինված հակամարտությանը վերջ դնելու փորձ։ Այդ երկրում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ/PKK) զինաթափում, կազմակերպության լուծարում, զինյալների ապագա, իրավական կարգավորումներ․ թվում էր, թե օրսկարգն ամբողջությամբ Թուրքիայի ներսում էր։

Սակայն Անկարայի վերջին հայտարարություններից պարզ է դառնում, որ «Առանց ահաբեկչության Թուրքիա»-ն ընդամենը ավելի մեծ նախագծի առաջին հատվածն է։

Այժմ թուրքական իշխանություններն ավելի ու ավելի հաճախ են խոսում «Առանց ահաբեկչության տարածաշրջան» տեսլականի մասին։ Եվ սա պարզապես նախկին կարգախոսի աշխարհագրական ընդլայնումը չէ։ Անկարան փորձում է անել մի բան, որն իրեն տարիներ շարունակ չէր հաջողվում․ PKK-ի և դրա հետ կապվող քրդական զինված կառույցների հարցը լուծել ոչ միայն Թուրքիայի տարածքում, այլև այն միջավայրում, որտեղ այդ կառույցները կարողացել էին գոյատևել, վերականգնվել և քաղաքական ու ռազմական ազդեցություն ձեռք բերել։

Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցության (AKP/ ԱԶԿ) խոսնակ Օմեր Չելիքը, ըստ էության, բաց տեքստով ձևակերպել է այս մոտեցումը՝ հայտարարելով, որ «Առանց ահաբեկչության Թուրքիա»-ն և «Առանց ահաբեկչության տարածաշրջանը» իրար մեջ ներհյուսված, նույն գաղափարն արտահայտող գործընթացներ են։

Այստեղ է Թուրքիայի նոր քաղաքականության առանցքը։

Անկարան այլևս չի փորձում միայն լուծել PKK-ի խնդիրը։ Այն փորձում է վերացնել այն տարածաշրջանային պայմանները, որոնք տարիներ շարունակ հնարավորություն էին տալիս այդ խնդրի գոյությանը։

Չելիքն ինքն էլ է խոսել տարբեր երկրների համար տարբեր մոդելների մասին։ Այսինքն՝ Անկարայի նպատակը մեկն է, բայց ճանապարհները տարբեր են։

Եվ հենց այստեղ է երևում Թուրքիայի բազմավեկտոր քաղաքականության ամենահետաքրքիր կողմը։

Իրաքում Թուրքիան փորձում է PKK-ի խնդիրը դարձնել Բաղդադի խնդիրը

Տարիներ շարունակ Թուրքիայի քաղաքականությունը Հյուսիսային Իրաքում հիմնականում կառուցված էր ռազմական գործողությունների վրա։ Թուրքական բանակը հարվածում էր PKK-ի դիրքերին, կազմակերպությունը տեղափոխվում էր մի տարածքից մյուսը, և հակամարտությունը շարունակվում էր։

Այսօր Անկարան փորձում է փոխել հենց այդ սխեման։

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը Իրաքի խորհրդարանի նախագահի հետ հանդիպումից հետո խոսելով «Առանց ահաբեկչության տարածաշրջանի» մասին՝ հատուկ ընդգծել է նաև Իրաքում զինված և աշխարհազորային խմբավորումների զինաթափման գործընթացը։

Այստեղ Թուրքիայի համար կարևոր է ոչ միայն այն, թե PKK-ն զենքերը վայր կդնի, թե ոչ, այլև ավելի կարևոր է, որ Իրաքի տարածքում զենք կրելու իրավունքը աստիճանաբար դառնա բացառապես պետության իրավասություն։

Սա, իհարկե, շատ ավելի լայն խնդիր է և վերաբերում է Իրաքում գործող տարբեր զինված խմբավորումներին։ Բայց Թուրքիայի տեսանկյունից այդ գործընթացը նաև հնարավորություն է՝ PKK-ի հարցը Թուրքիայի և քրդական շարժման հակամարտությունից տեղափոխելու Իրաքի պետական ինքնիշխանության դաշտ։

Այլ կերպ ասած՝ Անկարան տարիներ շարունակ փորձել է և շարունակում է փորձել հասնել նրան, որ PKK-ի դեմ պայքարը միայն թուրքական պահանջ չլինի։

Իրանն այս շղթայում առանձնահատուկ տեղ ունի։ Օմեր Չելիքն ինքն է նշել, որ Իրանի համար կարող է գործել առանձին մոդել, և դա պատահական չէ։ Թեհրանը, ինչպես և Անկարան, շահագրգռված չէ իր սահմանների երկայնքով անկախ քրդական զինված կառույցների ամրապնդմամբ, սակայն Իրանի նկատմամբ Թուրքիան չունի այն ազդեցության լծակները, որոնք ձևավորվել են Սիրիայում կամ Իրաքում։

Հետևաբար այստեղ Անկարայի մոտեցումը ավելի շատ անվտանգային շահերի համադրման և երկխոսության վրա է հիմնված։ Թուրքիայի համար կարևոր է կանխել այնպիսի իրավիճակի ձևավորումը, երբ Իրաքի կամ Սիրիայի քրդական զինված կառույցների թուլացումից հետո քրդական զինված շարժման կենտրոնը տեղափոխվի դեպի Իրանի տարածք։

Այս իմաստով Իրանը «Առանց ահաբեկչության տարածաշրջան» նախագծի ոչ թե նույնական, այլ առանձին ճյուղն է․ Անկարան տարբեր երկրներում տարբեր մեխանիզմներով փորձում է հասնել նույն ռազմավարական արդյունքին՝ տարածաշրջանում քրդական զինված կառույցների ինքնուրույն ռազմական կարողության սահմանափակմանը։

Սիրիայում նպատակը շատ ավելի մեծ էր

Թուրքիայի իրական ռազմավարական խնդիրը Սիրիան էր։

Իրաքում PKK-ն ուներ ճամբարներ, զինված ստորաբաժանումներ և լեռնային հենակետեր։ Սիրիայում, սակայն, ձևավորվել էր բոլորովին այլ իրականություն։ Այստեղ կային զինված ուժեր՝ Սիրիայի դեմոկրատական ուժերը (SDF), տարածքային վերահսկողություն, սեփական կառավարման համակարգ և ամենակարևորը՝ փաստացի ինքնավարության հեռանկար։

Թուրքիայի համար սա պարզապես անվտանգության սպառնալիք չէր։ Անկարայի տեսանկյունից Թուրքիայի հարավային սահմանին ձևավորվում էր մի կառույց, որը կարող էր երկարաժամկետ հեռանկարում վերածվել ինքնուրույն քրդական քաղաքական միավորի։

Այստեղ է, որ Սիրիայում իշխանափոխությունը և նոր ուժային հավասարակշռությունը փոխեցին Թուրքիայի հնարավորությունները։ Անկարան կարողացավ այն, ինչ տարիներ շարունակ միայն ռազմական գործողություններով չէր հաջողվում․ SDF-ի հարցը ներկայացնել ոչ միայն որպես Թուրքիայի անվտանգության խնդիր, այլ որպես Սիրիայի ապագա պետական կառուցվածքի հարց։

Եթե նախկինում Թուրքիան պահանջում էր քրդական զինված կառույցի լուծարում, ապա այժմ նույն արդյունքը կարող է ներկայացվել որպես Սիրիայի տարածքային ամբողջականության վերականգնում և պետական բանակի ձևավորում։

Եվ հենց այս կետում Թուրքիայի շահը սկսեց հատվել Դամասկոսի շահի հետ։

SDF-ի լուծարումը միայն ռազմական հարց չէ

Պաշտոնական Անկարայից հնչող վերջին հայտարարություններն այս առումով բավական խոսուն են։ Նա հայտարարել է, որ SDF-ը պետք է լուծարվի, իսկ դրա զինված տարրերը՝ համապատասխան վերափոխումներից հետո, ինտեգրվեն Սիրիայի պետական համակարգին։

Թուրքական իշխանություններն այժմ հայտարարում են, որ SDF-ը լուծարվել է և սկսվել է ինտեգրման փուլը։

Անկարայի համար սա, հավանաբար, «Առանց ահաբեկչության տարածաշրջան» նախագծի ամենակարևոր արդյունքներից մեկն է։

Որովհետև քրդական ինքնավարությունը միայն քաղաքական կարգախոս չէր։ Ցանկացած ինքնավարության ամենակարևոր հարցերից մեկը սեփական անվտանգության համակարգ ունենալն է։

Եթե առանձին զինված ուժը վերանում է, իսկ զինյալները ներառվում են կենտրոնական պետության բանակում, ապա փոխվում է նաև ինքնավարության հնարավորության քաղաքական կշիռը։

Սա չի նշանակում, որ Սիրիայի քրդերի հարցը լուծված է կամ քրդական քաղաքական պահանջներն անհետացել են։ Բայց փոխվել է հիմնական հարցը։

Եթե նախկինում հնարավոր էր խոսել սեփական տարածքը վերահսկող և սեփական զինված ուժ ունեցող քրդական կառույցի մասին, ապա այժմ քննարկումը տեղափոխվում է այն հարցին, թե ինչ կարգավիճակ և ինչ իրավունքներ կարող են ունենալ քրդերը Սիրիայի միասնական պետության ներսում։

Սա Թուրքիայի համար սկզբունքային տարբերություն է։

Անկարան ուժը փոխարինեց դիվանագիտությա՞մբ

Ավելի ճիշտ կլինի ասել՝ ոչ։

Թուրքիան ուժը չփոխարինեց դիվանագիտությամբ։ Այն ուժը և դիվանագիտությունը միացրեց նույն ռազմավարության մեջ։

Տարիների ռազմական գործողությունները PKK-ի դեմ թուլացրին կազմակերպության դիրքերը և սահմանափակեցին նրա շարժունակությունը։ Սակայն միայն ռազմական ճանապարհով Անկարան չէր կարող լուծել Սիրիայի հարցը, հատկապես այն պայմաններում, երբ SDF-ը համագործակցում էր ԱՄՆ-ի հետ։

Այստեղ սկսեց աշխատել Թուրքիայի բազմավեկտոր քաղաքականությունը։

Բաղդադի հետ՝ համագործակցություն PKK-ի դեմ։

Դամասկոսի հետ՝ Սիրիայի միասնականության գաղափար։

Վաշինգտոնի հետ՝ բանակցություններ SDF-ի ապագայի շուրջ։

Եվ Թուրքիայի ներսում՝ զինաթափման գործընթացի իրավական և քաղաքական մեխանիզմներ։

Այս տարբեր ուղղությունները, առաջին հայացքից, միմյանց հետ կապ չունեն։ Սակայն Անկարայի տեսանկյունից դրանք նույն շղթայի օղակներն են։

Եվ այս առումով «Առանց ահաբեկչության Թուրքիա»-ից դեպի «Առանց ահաբեկչության տարածաշրջան» անցումը Թուրքիայի քաղաքականության սովորական շարունակություն չէ։ Սա փորձ է վերաձևակերպելու ամբողջ քրդական զինված հարցը տարածաշրջանում։

Այն, ինչ երկար տարիներ ընկալվում էր որպես Թուրքիայի և PKK-ի հակամարտություն, այժմ Անկարան փորձում է ներկայացնել որպես Իրաքի պետական ինքնիշխանության, Սիրիայի տարածքային ամբողջականության և տարածաշրջանային կայունության խնդիր։

Կարելի է ասել, որ սա Թուրքիայի գլխավոր դիվանագիտական հաջողությունն է, քանի որ Անկարան կարողացավ իր ուզած արդյունքը կապել այլ պետությունների սեփական շահերի հետ։

Բաղդադի համար՝ պետական վերահսկողություն։

Դամասկոսի համար՝ երկրի միասնականություն։

Թուրքիայի համար՝ իր սահմանների երկայնքով PKK-ի հետ կապված զինված կառույցների վերացում։

Իսկ լուծվե՞լ է քրդական հարցը

Թերևս՝ ոչ։ Սակայն Անկարան կարողացել է փոխել այն տարածքը, որտեղ քրդական հարցը գոյություն ուներ որպես ռազմական և աշխարհաքաղաքական խնդիր։

PKK-ի զինաթափումը Թուրքիայում, դրա հենակետերի հարցը Իրաքում և SDF-ի ինտեգրումը Սիրիայում միասին ստեղծում են մի նոր իրավիճակ, որտեղ քրդական քաղաքական պահանջները կարող են շարունակել գոյություն ունենալ, բայց դրանց իրացման նախկին ռազմական մեխանիզմները զգալիորեն սահմանափակվում են։

Եվ գուցե հենց սա է «Առանց ահաբեկչության տարածաշրջան» գաղափարի իրական իմաստը։

Ոչ թե տարածաշրջան, որտեղ այլևս չկա քրդական հարց, այլև տարածաշրջան, որտեղ քրդական հարցը այլևս չպետք է ունենա անկախ զինված ուժ, առանձին ռազմական տարածք և սեփական անվտանգության համակարգ։

Սա, ըստ էության, Անկարայի վերջին տարիների ամենամեծ ռազմավարական փորձն է․ սեփական ներքին անվտանգության խնդիրը վերածել տարածաշրջանային օրակարգի և տարբեր ուղղություններով աշխատելով՝ փոխել ոչ միայն հակառակորդի հնարավորությունները, այլև այն քաղաքական միջավայրը, որտեղ այդ հակառակորդը գոյություն էր ունենում։

«Առանց ահաբեկչության Թուրքիա»-ն, այս իմաստով, վերջնական նպատակը չէ։ Այն «Առանց ահաբեկչության տարածաշրջան» հասնելու ճանապարհի առաջին փուլն է։

Այս ռազմավարությամբ Թուրքիան փորձում է նաև ներկայանալ որպես Մերձավոր Արևելքը զինված և ահաբեկչական կառույցներից «մաքրելու» տարածաշրջանային ռահվիրա։ Անկարան ձգտում է ցույց տալ, որ մինչ որոշ արտաքին դերակատարներ, այդ թվում՝ Իսրայելը, տարբեր զինված խմբերի նկատմամբ հովանավորչական կամ աջակցող քաղաքականություն են վարում և այդպիսով պահպանում դրանց գոյության հնարավորությունը, Թուրքիան իրեն ներկայացնում է հակառակ բևեռում՝ որպես այդ «որջերը» վերացնելու և դրանց ստեղծած անվտանգության սպառնալիքը չեզոքացնելու դերակատար։ Այսպիսով, «Առանց ահաբեկչության տարածաշրջանը» դառնում է ոչ միայն անվտանգության, այլև Թուրքիայի՝ տարածաշրջանային առաջնորդության հավակնությունը հիմնավորող քաղաքական օրակարգ։

Աղբյուր՝ Ermenihaber.am

Հեղինակ՝ Էլեն Քոքչյան

Ենթաբաժնի վերջին լուրերը

Ֆիդան. «Գոհ ենք Ադրբեջան-Հայաստանի վերջին զարգացումներից»

15.09.2026

Մինչև 2029-ի տարեվերջ ավարտվելու են Կարս-Դիլիջու երկաթուղու շինաշխատանքները։

Ֆիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունը

15.09.2026

Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում։

Թուրքիան դարձել է ԵՄ քաղաքացիների ամենաշատ այցելած 2-րդ երկիրը

15.09.2026

Ընդհանուր առմամբ ԵՄ-ից արտագնա ուղևորությունների 11%-ը դեպի Թուրքիա է կատարվել։

Next Post

Ֆիդան. «Գոհ ենք Ադրբեջան-Հայաստանի վերջին զարգացումներից»

75

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Դուք արդեն քվեարկել եք։

Ոչ (45%)
45 %
Այո (35%)
35 %
Անկանխատեսելի է (20%)
20 %

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır