Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մեկնել է Միացյալ Արաբական Էմիրություններ (ԱՄԷ): Միջանկյալ նշենք, որ Ֆիդանը վերջին անգամ ԱՄԷ էր այցելել ընթացիկ տարվա մարտի 20-ին։
Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ֆիդանը կքննարկի Թուրքիայի և ԱՄԷ-ի միջև Բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի երկրորդ նիստի նախապատրաստական աշխատանքները: Երկու երկրների միջև 2023-ին ստեղծված Բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի առաջին նիստը տեղի էր ունեցել Անկարայում 2025-ի հուլիսի 16-ին՝ առաջնորդների մակարդակով։
ԱՄԷ այցի օրակարգային հարցերի թվում են լինելու Թուրքիա-ԱՄԷ հարաբերությունները, Պարսից ծոցի զարգացումները, Հորմուզի նեղուցում և Բաբ էլ Մանդեբում նավարկության անվտանգությունը, ինչպես նաև Գազայում և Եմենում տիրող իրավիճակը:
Ֆիդանը հանդիպումներ կունենա ԱՄԷ նախագահ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի, փոխնախագահ Շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանի ու անվտանգության հարցերով խորհրդական Շեյխ Թահնուն բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Նշենք, երկու երկրների առևտրի ծավալը 2025-ին կազմել էր 19.346 մլրդ դոլար։
Աղբյուր՝ TRT Haber




