Թուրք լրագրող Էմրե Օզթյուրքը հրապարակել է «Դպրոցներ են ռմբակոծվում, երեխաներ են զոհվում․ պատերազմի ամենամութ դեմքը» վերատառությամբ հոդվածը, որտեղ ներկայացրել է ոչ վաղ անցյալում տեղի ունեցած մի շարք ողբերգական դեպքեր, որոնց հետևանքով զինված հակամարտությունների զոհ են դարձել100-ավոր երեխաներ։
Հոդվածում ուշադրության են առնվում պատերազմների ընթացքում երեխաների և կրթական հաստատությունների անվտանգության լրջագույն խնդիրները։
Հոդվածագիրը նկատել է տալիս, որ զինված հակամարտությունների հետևանքով շարունակում են զոհվել անմեղ երեխաներ Իրանից մինչև Գազա, Բեսլանից մինչև Պակիստան ։
1. Ռուսաստանն Ուկրաինայում հարվածել է դպրոցի
Ռուսաստանի ավիահարվածի հետևանքով Զապորոժիեի մարզի Կոմիշևախա բնակավայրում թիրախավորվել են հումանիտար օգնության բաշխման համար օգտագործվող դպրոցի շենքն ու հարակից ապաստարանը։ Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ զոհվել է 24 մարդ, շուրջ 20-ը համարվում է անհետ կորած։

2. Իրանում աղջիկների դպրոցի ռմբակոծության հետևանքով զոհվել էր 120 երեխա
ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների առաջին օրը Մինաբ քաղաքում հարված էր հասցվել «Շաջարե Թայեբե» աղջիկների տարրական դպրոցին։ «Amnesty International» միջազգային հասարակական կազմակերպության տվյալներով՝ զոհվել էր 156 մարդ, այդ թվում՝ 120 երեխա։ Նշվում էր, որ հարվածի թիրախը դպրոցի հարևանությամբ գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օբյեկտն էր։

3. Իսրայելի հարվածի հետևանքով Գազայի՝ ապաստանի վերածված դպրոցում զոհվել էր 34 պաղեստինցի
Գազա քաղաքի «Zeytun C» դպրոցին հասցված իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն 34 պաղեստինցի, այդ թվում՝ 21 երեխա։ Դպրոցում ապաստան էին գտել իրենց բնակավայրերից տեղահանված ընտանիքներ։ Իսրայելի բանակը հայտարարել էր, որ թիրախում եղել են «ՀԱՄԱՍ»-ի անդամները։ Մարդու իրավունքների վերաբերյալ մոնիթորինգ իրականացնող ամերիկյան «Human Rights Watch» կազմակերպությունը դեպքի առնչությամբ ընդգծել էր, որ դպրոցներն այլևս չեն կարողանում անվտանգ ապաստարան ծառայել խաղաղ բնակչության համար։

4. Բեսլանի ողբերգությունը․ զոհվել էր 186 երեխա
Ռուսաստանի Հյուսիսային Օսիայի Բեսլան քաղաքում զինված խմբավորումը գրավել էր թիվ 1 դպրոցը՝ պատանդ վերցնելով ավելի քան 1100 մարդու։ Հարձակվողները պահանջում էին ռուսական զորքերի դուրսբերումը Չեչնիայից։ Այս գործողությունների հետևանքով զոհվել էր շուրջ 334 մարդ, այդ թվում՝ 186 երեխա։ 2017 թ. մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ռուսաստանին մեղավոր է ճանաչել պատանդների կյանքի իրավունքը չպաշտպանելու և դեպքի արդյունավետ քննություն չիրականացնելու համար։

5. Պակիստանում դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհվել է 132 երեխա
Պակիստանի Փեշավար քաղաքում «Թալիբան» շարժման զինյալները հարձակվել էին բանակին պատկանող դպրոցի վրա։ Զոհվել էր 149 մարդ, այդ թվում՝ 132 երեխա։ Խմբավորումը հարձակումը ներկայացրել էր որպես պատասխան Պակիստանի բանակի գործողություններին։ ՄԱԿ-ը դատապարտել է հարձակումը, իսկ երկրում հայտարարվել էր եռօրյա սուգ։

Աղբյուր՝ Haberglobal



