Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իսրայելի հարձակումը Գազայի հարավում՝ Խան Յունիս քաղաքում գտնվող «Նասեր» հիվանդանոցի վրա։ ԱԳՆ-ն հարձակումը որակել է միջազգային իրավունքի, մասնավորապես՝ միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում։
Թուրքիայի ԱԳՆ հայտարարության համաձայն՝ հարձակման հետևանքով զոհվել են բազմաթիվ պաղեստինցիներ, այդ թվում՝ բուժաշխատողներ։ Գերատեսչությունը նշել է, որ Իսրայելը, չնայած Գազայում հաստատված հրադադարին, շարունակում է ռազմական գործողությունները և հերթական անգամ ցույց տալիս, որ շահագրգռված չէ խաղաղության հաստատմամբ։
Թուրքիայի ԱԳՆ-ն միջազգային հանրությանը կոչ է արել կոնկրետ քայլեր ձեռնարկել Պաղեստինի ժողովրդի պաշտպանության, խաղաղության և կայունության ապահովման համար։
Հարձակմանը անդրադարձել է նաև Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խոսնակ Օմեր Չելիքը։ Նա հիվանդանոցի ռմբակոծությունը որակել է որպես «մարդկության դեմ ուղղված բարբարոսություն»։
Չելիքը նշել է, որ Իսրայելի իշխանությունները պետք է իրավական պատասխանատվության ենթարկվեն իրենց կատարած հանցագործությունների համար։
Հիշեցնենք, որ Իսրայելի բանակը ռմբակոծել էր «Նասեր» հիվանդանոցի երկրորդ հարկը։ Հարձակման հետևանքով զոհվել էր 6 մարդ, այդ թվում՝ երեխա և բժիշկ, առնվազն 30-ը վիրավորվել էին։
Աղբյուր՝ TRT Haber, Rudaw




