Իսրայելական «Makor Rishon» թերթն անդրադարձել է Թուրքիայի ակտիվացող դիվանագիտական գործունեությանը Մերձավոր Արևելքում՝ նշելով, որ Անկարայի նախաձեռնությունները կարող են փոխել տարածաշրջանային ուժերի հարաբերակցությունը և ազդել Իսրայելի դիրքերի վրա։
Իսրայելցի վերլուծաբան Նիցան Դավիդ Ֆուքսի հոդվածում նշվում է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ Թուրքիան փորձում է ընդլայնել իր ազդեցությունը՝ օգտագործելով ոչ միայն ռազմական հնարավորությունները, այլև տարածաշրջանի երկրների հետ քաղաքական ու դիվանագիտական համագործակցությունը։
Որպես օրինակ՝ հոդվածում հիշատակվում է Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի միջև ստորագրված Մեքքայի պաշտպանական համաձայնագիրը։ Հեղինակի գնահատմամբ՝ Անկարան ձգտում է ոչ միայն զարգացնել ռազմական համագործակցությունը, այլև ձևավորել տարածաշրջանային քաղաքական հարթակներ, որոնց միջոցով կմեծացնի իր դերակատարությունը։
Ֆուքսն անդրադարձել է նաև Իրաքի, Կովկասի, Գազայի և Սոմալիի շուրջ Թուրքիայի մասնակցությամբ ձևավորված դիվանագիտական հարթակներին։ Ըստ նրա՝ այս ուղղություններով Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունը կարող է էապես մեծացնել Անկարայի կշիռը տարածաշրջանային օրակարգի ձևավորման հարցում։
Հոդվածում շեշտվում է, որ Իսրայելի համար մտահոգիչ է այդ հարթակներում իր բացակայությունը։ Ըստ վերլուծաբանի՝ նույնիսկ եթե դրանք ուղղակիորեն ուղղված չեն Իսրայելի դեմ, դրանց շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները կարող են սահմանափակել Թել Ավիվի ազդեցությունը տարածաշրջանային գործընթացների վրա։
Աղբյուր՝ Milliyet





