Թուրքիայի խորհրդարանն ընդունել է «Որոշ ներդրումային ֆոնդերի լուծարման մասին» օրենքի նախագիծը, որը սահմանում է Կապիտալի շուկայի խորհրդի (SPK) 2026 թ. սեպտեմբերի 17-ի որոշմամբ լուծարվող ֆոնդերի գույքի թափանցիկ կառավարման, ապօրինի դուրս բերված ակտիվների վերականգնման և ներդրողներին հասցված վնասների հատուցման իրավական հիմքերը:
Օրենքի նպատակն է ապահովել ֆոնդերից ապօրինաբար դուրս բերված միջոցների վերադարձը և դրանք փոխանցել բաժնետերերին:
Ֆոնդերի ակտիվների ապօրինի օտարման կամ հասցված վնասների համար առաջնային պատասխանատվություն են կրելու ֆոնդը կառավարող ընկերությունները, իսկ դրա անհնարինության դեպքում՝ մեղավոր ֆիզիկական և իրավաբանական անձինք:
Ապօրինի ակտիվների բռնագանձման և հետհավաքագրման գործընթացն իրականացնելու է Ավանդների ապահովագրման պետական հիմնադրամը (TMSF)՝ SPK-ի հետ համատեղ: Առգրավված գույքը կամ դրամական միջոցները պահվելու են հատուկ հաշիվներում և օգտագործվելու են բացառապես ներդրողներին փոխհատուցելու համար:
Կարգավորումը տարածվում է միայն 2026թ․ սեպտեմբերի 17-ի որոշմամբ լուծարվող ֆոնդերի վրա և ընդհանուր համակարգային փոփոխություն չի ենթադրում մյուս ներդրումային ֆոնդերի համար:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին SPK-ն որոշել էր լուծարել մի շարք խոշոր ներդրումային ֆոնդեր՝ դրանցում հայտնաբերված ապօրինությունների, շուկայի չարաշահումների և խարդախությունների պատճառով։ Գործող օրենսդրությունը, սակայն, չուներ բավարար մեխանիզմներ՝ նման ծավալի ապօրինի դուրս բերված ակտիվները շտապ սառեցնելու, բռնագանձելու և հազարավոր տուժած քաղաքացիներին արագ փոխհատուցելու համար։
Աղբյուր՝ TRT Haber




