Թուրքիայի և Եգիպտոսի միջև ռազմական համագործակցության խորացումը լուրջ անհանգստություն է առաջացրել Աթենքում։ Հունական «Kathimerini» թերթն անդրադարձել է երկու երկրների հարաբերությունների զարգացմանը՝ նշելով, որ այն կարող է փոխել տարածաշրջանի աշխարհաքաղաքական հավասարակշռությունը։
«Թուրքիան և Եգիպտոսն ավելի մոտ են ռազմական ոլորտում» վերնագրով հոդվածում ուշադրություն է հրավիրվել հուլիսի 13-ին կայացած հանդիպմանը՝ այն որակելով կարևոր։
Մասնավորապես Թուրքիայի ռազմարդյունաբերության վարչության (SSB) նախագահ Հալուք Գյորգյունը և Եգիպտոսի ռազմարդյունաբերության նախարար, գեներալ-լեյտենանտ Աշրաֆ Սալիմ Զահիրը ստորագրել էին երկկողմ համագործակցության շրջանակը որոշող մտադրությունների հուշագիր։
Հունական պարբերականն առանձնակի կարևորել է նաև ավելի վաղ Եգիպտոսում կայացած քառակողմ հանդիպումը՝ Թուրքիայի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի մասնակցությամբ։ Ընդգծվում է, որ Կահիրեն ու Անկարան Լիբիային վերաբերող մի շարք հարցերի շուրջ համաձայնության են հասել։
«Թուրք-եգիպտական մերձեցումը թեև այս պահին ուղղակի սպառնալիք չի ներկայացնում Հունաստանի շահերին, սակայն տարածաշրջանային աշխարհաքաղաքական տատանումների ֆոնին լրացուցիչ անհանգստության գործոն է Աթենքի համար»,- գրում է թերթը։
Բացի այդ, ուշադրություն է հրավիրվել այն բանի վրա, որ Թուրքիան և Եգիպտոսն արդեն համատեղ զորավարժություններ են անցկացնում, ընդ որում, թե ցամաքային, թե ռազմաօդային և թե ռազմածովային ուժերի մասնակցությամբ:
Աղբյուր՝ Son Dakika




