Թուրքական իշխանամերձ «Hürriyet» թերթում հրապարակվել է Ֆուաթ Բոլի հոդվածը՝ «1993 թվականի Փարիզը․ Թյուրքեշը, Տեր-Պետրոսյանը և հարաբերությունների կարգավորման խափանված հնարավորությունը» վերնագրով։ Հոդվածումմ նշվել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս գործընթացը հասկանալու համար անհրաժեշտ է անդրադառնալ 1993-ին ձևավորված, սակայն չիրագործված հնարավորությանը։
Ներկայիս իրավիճակը համեմատելով այդ ժամանակաշրջանի հետ՝ հեղինակը նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ուղիղ շփումներ է իրականացնում Թուրքիայի հետ և ձգտում Ադրբեջանի հետ կայուն խաղաղության։
«Այս անգամ հարցը միայն սահմանային անցակետի բացումը չէ։ Հարցն այն է, որ թուրքերն ու հայերը հարյուր տարուց ավելի կրած քաղաքական և հոգեբանական ծանր բեռից հետո կարողանան կրկին անմիջականորեն խոսել միմյանց հետ»,- գրել է Բոլը։
Նա նաև ընդգծել է, որ հարաբերությունների կարգավորման՝ կրկին ստեղծված հնարավորությունը չպետք է կորցնել։
Աղբյուր՝ Hürriyet



