Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդի Բիլալ Էրդողանը Տոկիոյում թուրք-ճապոնական հարաբերություններին նվիրված համաժողովի շրջանակում հայտարարել է, որ Թուրքիան և Ճապոնիան ռազմավարական գործընկերներ են:
«Թուրք-ճապոնական հարաբերությունները Սուլթան Աբդուլ Համիդ II-ի օրոք և դրանց արտացոլումը այսօր» խորագրով հանդիպումը տեղի է ունեցել Տոկիոյի մզկիթին կից թուրքական մշակութային կենտրոնում։ Այն կազմակերպել են Տոկիոյի Յունուս Էմրե ինստիտուտը, Իբն Խալդուն համալսարանը և Թուրք-ճապոնական գործարարների ասոցիացիան (TUJIAD)։
Բիլալ Էրդողանը նշել է, որ առաջիկայում նախատեսվում է ընդլայնել թուրք-ճապոնական համագործակցությունը տեխնոլոգիական, տնտեսական և մշակութային ոլորտներում՝ զարգացնելով նաև կրթական կապերը։
Նրա խոսքով՝ պատմականորեն ձևավորված թուրք-ճապոնական բարեկամությունը կարևոր է նաև միջազգային ներկայիս անկայուն իրավիճակում։ Նա նաև հույս է հայտնել, որ ռազմավարական գործընկերությունը տարեցտարի կամրապնդվի։
Աղբյուր՝ SonDakika.com




