Թուրքական ընդդիմադիր «Haber SOL» լրատվականը, հղում անելով լիբանանյան «Al-Modon» պարբերականին, հայտնում է, որ Սիրիան Թուրքիայի հետ սահմանին գտնվող՝ երկրի խորքում մինչև 30 կմ ձգվող հատվածը 100 տարով վարձակալության է հանձնել Թուրքիային։
Հրապարակման համաձայն՝ տարածքում նախատեսվում է թուրքական գործարաններ կառուցել, որտեղ աշխատանքով կապահովվեն Սիրիա վերադարձող փախստականները։ Նախագիծը կարող է ընդլայնել Թուրքիայի տնտեսական ազդեցությունը Սիրիայում և զգալիորեն փոխել սահմանամերձ շրջանի տնտեսական պատկերը։
Նշվում է, որ թուրքական ընկերությունների արտադրական հնարավորություններն ու ավելի ցածր գները կարող են դժվարացնել սիրիական տեղական արտադրողների մրցակցությունը։ Միաժամանակ հարցեր են առաջանում սիրիացի աշխատուժի ներգրավման, տեղական ձեռնարկությունների մասնակցության և տեխնոլոգիաների փոխանցման վերաբերյալ։
«Al-Modon»-ի հրապարակման մեջ նաև հարցեր են բարձրացվում Սիրիայի ինքնիշխանության վերաբերյալ՝ մասնավորապես այն մասին, թե ով է տնօրինելու տարածքը, ում է պատկանելու այնտեղ կառուցվող գույքը և ինչ իրավունքներ են ստանալու թուրքական ընկերությունները։
Նշենք, որ թուրքական իշխանությունները այս պնդումները դեռևս ո՛չ հաստատել, ևո՛չ էլ հերքել են։
Աղբյուր՝ SOL Haber




