Թուրքիայի Կայսերի նահանգի Յեշիլհիսար շրջանի Սողանլը թաղամասի կանայք տարիների ընթացքում զբոսաշրջիկների հետ շփվելու շնորհիվ սովորել են 5-6 օտար լեզու՝ առանց դպրոց հաճախելու։ Նրանցից շատերը կարողանում են հաղորդակցվել անգլերեն, ֆրանսերեն և իտալերեն։
Կանանց լեզվական հմտությունները զարգացել են ավանդական կտորե տիկնիկների պատրաստման և վաճառքի շնորհիվ։ Տարբեր երկրներից Սողանլը ժամանող զբոսաշրջիկների հետ ամենօրյա շփումը նրանց հնարավորություն է տվել աստիճանաբար սովորել օտար լեզուներ և ինքնուրույն զարգացնել հաղորդակցման հմտությունները։
Թաղամասում տիկնիկներ պատրաստելու ավանդույթը սկիզբ է առել դպրոցական աղջկա տնային առաջադրանքից։ Ինչպես պատմել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Կայսերի նահանգի պատգամավոր Մուրաթ Ջահիդ Ջընգընը, աղջիկը դպրոց է տարել մոր պատրաստած՝ փայտից ու կտորից տիկնիկը, որը գրավել է զբոսաշրջիկներից մեկի ուշադրությունը։
Դրանից հետո տիկնիկների պատրաստումը տարածվել է ամբողջ թաղամասում՝ աստիճանաբար դառնալով տեղի կանանց եկամտի կարևոր աղբյուր։ Իսկ զբոսաշրջիկների հետ առևտրի և շփման շնորհիվ կանայք ոչ միայն զարգացրել են իրենց ձեռագործ աշխատանքների վաճառքը, այլև յուրացրել մի քանի օտար լեզու։
Աղբյուր՝ Sözcü




