Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ մայրաքաղաք Անկարայում տեղի կունենա կառավարության հերթական նիստը։ Երկշաբաթյա ընդմիջումից հետո գումարվող նիստի օրակարգը հագեցած է:
Նիստի առանցքային թեմաներն են լինելու Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, ԱՄՆ-Իրան բանակցային գործընթացը, ինչպես նաև անվտանգային և տնտեսական հարցեր։ Նշվում է, որ Անկարան ուշադրությամբ հետևում է ԱՄՆ-Իրան հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու նպատակով Էրդողանը վերջին 1 շաբաթվա ընթացքում հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Նիստի ընթացքում ամփոփվելու են նաև Թուրքիայի կողմից վարվող «խաղաղության դիվանագիտության» արդյունքները։
Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձությունները, մասնավորապես, Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված անորոշությունը, շարունակում են բացասաբար անդրադառնալ համաշխարհային առևտրի վրա։ Կառավարությունը քննարկելու է այդ ազդեցությունները նվազագույնի հասցնելուն և Թուրքիայում ինֆլյացիան նվազեցնելուն միտված քայլերը։ Կգնահատվի նաև «Միջնաժամկետ ծրագրի» (OVP) ընթացքը։
Օրակարգում է լինելու նաև «Թուրքիան առանց ահաբեկչության» տեսլականը, Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ինքնալուծարման գործընթացն արագացնելու մեխանիզմները և այդ համատեքստում նախատեսվող օրենսդրական քայլերը։
Աղբյուր՝ Trt Haber









