Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը տեղական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում անդրադարձել է թուրք-ամերիկյան հարաբերություններին և ԱՄՆ Կոնգրեսի կողմից Թուրքիայի դեմ կիրառվող «CAATSA» պատժամիջոցների խնդրին։
CAATSA – «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» ԱՄՆ օրենք:
Ֆիդանը նշել է, որ վերջին 3-4 տարում բազմաթիվ երկրներ չեղարկել են Թուրքիայի դեմ սահմանված սահմանափակումները, և ներկայումս միակ լուրջ խնդիրը «CAATSA» պատժամիջոցներն են: Ըստ նրա՝ թե՛ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, և թե՛ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հստակ կամք ունեն այս հարցը լուծելու համար։
«Անցյալ տարվա սեպտեմբերին Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ առաջնորդները հայտարարեցին իրենց կամքի մասին և մեզ՝ նախարարներիս, հանձնարարեցին լուծել այս խնդիրը։ Ես և պաշտպանության նախարարը ինտենսիվ աշխատում ենք այդ ուղղությամբ»,- հայտարարել է Ֆիդանը՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ երկկողմ հարաբերությունները լավ ընթացք ունեն։
Անդրադառնալով պատժամիջոցների չեղարկման հստակ ժամկետներին՝ Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ վարչակազմերի մակարդակով որևէ խնդիր չկա, սակայն ամեն ինչ կախված է ԱՄՆ Կոնգրեսում իրավական գործընթացների ավարտից, ինչը կարող է որոշակի ժամանակ պահանջել։
Աղբյուր՝ Trt Haber









