Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել Եմենում գործող իրանամետ հութիների կողմից Սաուդյան Արաբիայի հարավային շրջանների թիրախավորմանը: Հաղորդատրության մեջ մասնավորապես ասվում է.
«Խստագույնս դատապարտում ենք հութիների կողմից Սաուդյան Արաբիայի հարավային տարածաշրջանի ուղղությամբ իրականացված հրթիռային հարձակումը։ Մեկ անգամ ևս վերահաստատում ենք մեր լիակատար համերաշխությունը Սաուդյան Արաբիայի հետ՝ ընդդեմ այս հարձակման, որը խախտում է երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև լուրջ սպառնալիք է հանդիսանում տարածաշրջանային անվտանգության ու կայունության համար»։
Անկարան նաև կոչ է արել զերծ մնալ քայլերից, որոնք կարող են հանգեցնել տարածաշրջանում լարվածության հետագա սրմանը։
Հիշեցնենք, որ Եմենի հութիները հայտարարել էին Սաուդյան Արաբիայի հարավում գտնվող «Աբհա» օդանավակայանին բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով (ԱԹՍ) հարվածելու մասին։
Աղբյուր՝ Trt Haber





