Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Եվրոպական միությանը (ԵՄ) անդամակցությունը դուրս է եկել Թուրքիայի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքից։ Նա նշել է, որ Եվրոպան ցանկություն չի ցուցաբերում Անկարային ընդունելու հարցում, սակայն Թուրքիայի բացակայությունից առաջին հերթին հենց Եվրոպան է տուժում։
Անդրադառնալով ԱՄՆ-ի հետ հարաբերություններին՝ Էրդողանը նշել է, որ ակնկալում է նախագահ Դոնալդ Թրամփից, որպեսզի վերջինս պահի «F-35» կործանիչների վերաբերյալ տված իր խոստումը։ Նախագահը նաև կարևորել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև ստորագրված ռազմական պակտը՝ «Մեքքայի համաձայնագիրը», որը նախատեսում է համատեղ քայլեր արտաքին հարձակման դեպքում։ Էրդողանը հավելել է, որ ապագայում հնարավոր է նաև Եգիպտոսի միացումն այս դաշինքին։
Տարածաշրջանային հարցերի շրջանակում Թուրքիայի առաջնորդը վերահաստատել է աջակցությունը Գազային և Լիբիային՝ նշելով, որ իրենք երբեք մենակ չեն թողնի այդ երկրներին։ Սիրիայի վերաբերյալ Էրդողանը հայտնել է, որ մտադիր է առաջիկայում այցելել այդ երկիր՝ «տարածաշրջանում կայունություն հաստատելու և բոլոր կողմերի իրավունքները պաշտպանելու նպատակով»։ Նա նաև շեշտել է, որ թեև Անկարան ձգտում է խաղաղության, սակայն հարձակման դեպքում պատրաստ է պատերազմելու։
Աղբյուր՝ Yeni Şafak




