Գերմանիայի Քյոլն քաղաքում և դրա շրջակայքում վերջին շաբաթներին կտրուկ ավելացել են թուրք, քուրդ կամ թուրքական ծագումով Գերմանիայի քաղաքացիներին պատկանող կրպակների, սննդի կետերի, ոսկերչական խանութների, սրճարանների, թանկարժեք ժամացույցների սրահների և առանձնատների վրա իրականացվող հարձակումները: Այս վայրերի ուղղությամբ կատարվում են հրաձգություններ կամ դրանց առջև պայթյուններ են որոտում:
Գերմանիայի իրավապահ մարմինները նշում են, որ հարձակումների նմանատիպ ձեռագիրը վկայում է դրանց միջև հնարավոր կապի մասին, և ենթադրում են, որ Թուրքիայից սերող նոր սերնդի հանցավոր խմբավորումները Բեռլինից և Հարավային Գերմանիայից հետո իրենց գործունեությունն ակտիվացրել են Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասում:
Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի երկրամասային ոստիկանության փոխանցմամբ՝ «Թուրքական Z սերնդի մաֆիա» կոչվող այս խմբավորումները հանցագործության նոր ֆենոմեն են, որոնք աչքի են ընկնում բարձր ագրեսիվությամբ, ճկունությամբ և հանցագործություն կատարելու նպատակով կարճ ժամանակում մեծ հեռավորություններ հաղթահարելու պատրաստակամությամբ:
Խմբավորումները հիմնականում կազմված են 1995-2012 թվականներին ծնված Z սերնդի ներկայացուցիչներից, ունեն հորիզոնական ու ճկուն հիերարխիա և պարտականությունների որոշակի բաշխում: Հայտնաբերված հանցագործների մեծ մասը Թուրքիայի քաղաքացիներ են, թեև որոշ գործողություններում ներգրավվում են նաև այլ ազգության անձինք: Չնայած այս խմբերը թիրախավորում են կոնկրետ անձանց, նրանց գործողությունները լուրջ ռիսկեր են պարունակում նաև առնչություն չունեցող երրորդ անձանց համար:
Խմբավորումները հիմնականում զբաղվում են շանտաժով․ գումարի շորթմամբ, ինչն ուղեկցվում է կրակոցներով, գույքի վնասմամբ և հրդեհումներով: 2026 թվականի փետրվարից ի վեր Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայում արձանագրվել է շուրջ քսան նմանօրինակ դեպք, որոնցից մեկը որակվել է որպես սպանության փորձ:
Ամենաակտիվ խմբավորումներից են «Դալթոնները», որոնք մյուս խմբերի հետ մասամբ համագործակցում են, մասամբ էլ գտնվում հակամարտության մեջ: Քյոլնում և հարակից քաղաքներում վերջին շրջանում գնդակոծվել են բարեր, սրճարաններ, ոսկերչական խանութներ և հայտնի սննդի կետերի տիրոջ առանձնատունը, ումից միլիոնավոր եվրոների հասնող գումար են պահանջել:
Նմանատիպ դեպքեր են գրանցվել նաև Դյուսելդորֆում, Դույսբուրգում, Աուգսբուրգում և Բեռլինում, որտեղ նախաձեռնվել է շուրջ երկու հարյուր հետաքննություն: Քանի որ հանցագործները չունեն մշտական բնակության վայր և մշտապես տեղափոխվում են, ոստիկանության համար դժվար է նրանց հայտնաբերելը։ Այս կապակցությամբ ստեղծվել է հատուկ վիճակագրական հաշվառման համակարգ:
Աղբյուր՝ DW




