Բաքվում կայացած Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների խորհրդակցության (CICA) 7-րդ գագաթնաժողովին Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի մասնակցությունը լայն արձագանք է ստացել Թուրքիայում։
Թուրքիայի օդային տարածքը փակ է Իսրայելի համար, սակայն Հերցոգին Բաքու տեղափոխած՝ «Շուշա» անունը կրող ադրբեջանական օդանավն անցել է նաև Թուրքիայի տարածքով։
Թուրքիայից հնչող քննադատություններին արձագանքել է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ կտրուկ հակադարձելով այն թուրքական շրջանակներին, որոնք ամեն առիթ օգտագործում են Բաքվի դեմ թշնամանք հրահրելու համար։ Գործակալությունը նշել է, որ այցը կատարվել է ոչ թե հատուկ, այլ սովորական առևտրային չվերթով։ Ըստ APA-ի՝ Իսրայելի նախագահը, նրա տեղակալը և փոքրակազմ պատվիրակությունը Բաքու են ժամանել Բաքու–Թել Ավիվ–Բաքու երթուղու առևտրային չվերթով։ Նրանք, ինչպես մյուս ուղևորները, տոմս են գնել և թռել սովորական կարգով, ուստի Ադրբեջանի կողմից նրանց հատուկ ինքնաթիռ չի հատկացվել։
Ադրբեջանական իշխանություններն անդրադարձել են նաև Թուրքիայի և Իսրայելի միջև երկկողմ հարաբերություններին՝ նշելով, որ այցը քննարկման առարկա դարձնելը ճիշտ մոտեցում չէ։ Նրանց խոսքով՝ Հերցոգի օգտագործած չվերթի և Բաքու ժամանելու ընթացակարգի մասին անհիմն պնդումները տրամաբանական հիմք չունեն։
Աղբյուր՝ Iscihaber.net



