Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բրյուսելում անդրադարձել է Լիբիայի և Թուրքիայի միջև ստորագրված՝ ծովային գոտիների սահմանազատման հուշագրին՝ այն որակելով թե՛ իրավական, թե՛ քաղաքական առումով օրինական համաձայնագիր: Նրա գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ վարվող արտաքին քաղաքականության դիվանագիտական հաջողությունն է:
Միևնույն ժամանակ նշվում է, որ Բելգիա կատարած այցի շրջանակում Ֆիդանը հանդիպումներ է ունեցել բելգիացի գործընկեր Մաքսիմ Պրևոյի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ քննարկվել են Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերությունները, հուլիսին Անկարայում կայացած գագաթնաժողովի որոշումների կատարման ընթացքը, ռուս-ուկրաինական պատերազմը, Պարսից ծոցի իրավիճակը և ճգնաժամային այլ տարածաշրջաններ։
ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ զրույցի առանցքում են եղել Թուրքիա-ԵՄ հարաբերություններում առկա փակուղիները, ուկրաինական հակամարտությունը, Հորմուզի և Բաբ էլ-Մանդեբի նեղուցները, դրանցից բխող էներգետիկ խնդիրները, ինչպես նաև Սև ծովում լարվածության պատճառով համաշխարհային շուկա չհասնող հացահատիկի հարցը:
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ Ֆիդանը երկար զրույց է ունեցել և շեշտել, որ նման կանոնավոր հանդիպումները պետք է շարունակվեն, քանի որ առկա են ինչպես առևտրային ու քաղաքական հարցեր, այնպես էլ Թուրքիայի թեկնածուի կարգավիճակի հետ կապված խնդիրներ: Նրա խոսքով՝ դրանց համար անհրաժեշտ են պլանավորված և համառ բանակցություններ:
Աղբյուր՝ TRT Haber




