Ադրբեջանի՝ նոյեմբերի 8-ին նշվող «Հաղթանակի օրվան» ընդառաջ Անկարայում Ադրբեջանի դեսպանատունը Գազիի զինվորական ակումբում ընդունելություն է կազմակերպել։
Միջոցառումը մեկնարկել է Թուրքիայի և Ադրբեջանի պետական օրհներգերի հնչեցմամբ, այնուհետև ցուցադրվել է օրվան նվիրված կարճ տեսանյութ։
Ընդունելությանը մասնակցել են Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլին, Թուրքիայի զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչներ, արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների փոխնախարարներ, դիվանագետներ ու քաղաքական գործիչներ։
Ադրբեջանի դեսպան Ռաշադ Ասլանովը հայտնել է, որ 6 տարի առաջ՝ նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ, ադրբեջանական բանակը «ազատագրել է Ղարաբաղն ու Արևելյան Զանգեզուրը»՝ այդպիսով պատմական հաղթանակ գրանցելով։ Նա հարգանքի տուրք է մատուցել զոհված զինծառայողների հիշատակին և շնորհակալություն հայտնել վետերաններին ու զինվորականներին։
Անդրադառնալով թուրք-ադրբեջանական հարաբերություններին՝ Ասլանովը նշել է, որ երկու երկրներին կապում են պատմական փորձություններով ամրապնդված բարեկամական և եղբայրական հարաբերությունները։ Նրա խոսքով՝ այդ կապերի ամրության հիմքում երկու ժողովուրդների փոխադարձ սերն ու վստահությունն են։
Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլին էլ պնդել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ երկիրը 44 օրում «պատմություն է կերտել»՝ վերջ դնելով 30 տարի տևած «օկուպացիային»։ Նա նաև ընդգծել է, որ այսպես կոչված «Շուշիի հռչակագրի» ստորագրմամբ երկու երկրների հարաբերությունները բարձրացվել են դաշնակցային մակարդակի։
Աղբյուր՝ Haberglobal




