Թուրքիայում գնաճը շարունակում է պահպանվել շուրջ 30 տոկոսի մակարդակում՝ ձեռք բերելով քրոնիկ բնույթ։ Այս մասին հայտնել է տնտեսագետ Էսֆենդեր Քորքմազը՝ անդրադառնալով Թուրքիայի վիճակագրական կոմիտեի հրապարակած հոկտեմբերյան տվյալներին։
Թուրքիայում հոկտեմբերին սպառողական գների ինդեքսը ամսական աճել է 2.58%-ով, իսկ տարեկան գնաճը կազմել է 29.77%։
Քորքմազի գնահատմամբ՝ Թուրքիայում վերջին կես դարում գնաճի շարունակականությունը պայմանավորված է կառավարության պոպուլիստական քաղաքականությամբ և տնտեսության խորքային կառուցվածքային խնդիրներով։
Տնտեսագետը նշել է, որ գնաճի դեմ միայն դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունը բավարար չէ։ Նա խնդիրների թվում առանձնացրել է տնտեսության խոցելիությունը, ստվերային տնտեսության մեծ ծավալները, արտադրողականության ցածր մակարդակը, կապիտալի արտահոսքը և արդյունաբերության վաղաժամ անկումը։
Քորքմազի կարծիքով՝ այս խնդիրների լուծմանն ուղղված քայլերի բացակայությունը նպաստում է գնաճի շարունակականությանը։
Աղբյուր՝ Diken




