Սիրիայում Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի միջև ազդեցության համար քողարկված մրցակցություն է ընթանում։ Մինչ Ռիադը ֆինանսավորում է խոշոր ներդրումային ծրագրեր, Անկարան ամրապնդում է իր դիրքերը պաշտպանության, անվտանգության և տեխնիկական ոլորտներում։
Թուրքիան Սիրիայում համագործակցություն է զարգացնում էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, առողջապահության և պետական կառավարման ոլորտներում։ Դամասկոսի հետ ստորագրվել են մի շարք համաձայնագրեր և փոխըմբռնման հուշագրեր։ Ի տարբերություն Սաուդյան Արաբիայի ֆինանսական ներդրումների՝ Անկարայի ներգրավվածությունը հիմնականում տեխնիկական և ինստիտուցիոնալ բնույթ ունի։
Միևնույն ժամանակ Ռիադը ձգտում է լրացնել Իրանի ազդեցության հեռանալուց հետո առաջացած բացը, ինչպես նաև միջնորդել ԱՄՆ-ի առջև՝ Սիրիայի դեմ պատժամիջոցների վերացման համար։ Սաուդյան Արաբիան աջակցել է նաև սիրիական անվտանգության ուժերին և անցյալ տարի տրամադրել 1.65 մլն բարել նավթ՝ որպես օգնություն։ Երկրի հետ ստորագրվել է 67 փոխըմբռնման հուշագիր և շուրջ 12 համագործակցության համաձայնագիր։
Թուրքիայի ազդեցության ընդլայնումը, մտահոգություններ է առաջացնում սիրիական որոշ շրջանակներում։ Քննադատները մտավախություն ունեն, որ թուրքական թվայնացման ծրագրերը կարող են Անկարային հասանելիություն տալ սիրիական պետական կառույցների տվյալներին։ Մտահոգությունների պատճառ է նաև թուրքական բեռնատարների՝ Սիրիայի տարածքով անցնելու համար տարանցիկ վճարներից ազատումը։
Աղբյուր՝ Yakın Doğu





