Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիա-Հայաստան սահմանի բացմանը և այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին։
«Ժամանակն աշխատում է հօգուտ մեզ։ Անձամբ եմ հանդիպում Հայաստանի համապատասխան նախարարի հետ։ Մենք կատարել ենք անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ և՛ երկաթուղային, և՛ Ալիջան սահմանային անցակետի բացման ուղղությամբ։ Փոխադարձ համաձայնության ձեռքբերման դեպքում՝ հաշվի առնելով նաև Ադրբեջանի համար զգայուն կետերը/հարցերը, չեմ կարծում, որ այս գործընթացը շատ կձգվի։ Կարճ ժամանակում մենք կբացենք նաև այդ անցակետերը»,- հայտնել է Ուրալօղլուն։
Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքին»՝ թուրք նախարարը նշել է, որ միջանցքի գծով աշխատանքների ավարտն ուշադրության կենտրոնում է գտնվում։ Ըստ նրա՝ Ադրբեջանն արդեն ավարտին է հասցնում իր տարածքում իրականացվող աշխատանքները, և Թուրքիան ուշադրությամբ հետևում է գործընթացին։
«Նախատեսում ենք մոտ 4 տարի հետո ավարտել և շահագործման հանձնել միջանցքի բոլոր հատվածները»,- նշել է Ուրալօղլուն։
Աղբյուր՝ Ermenihaber.am




