Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) համանախագահ Թունջեր Բաքըրհանը նոր հայտարարություն է արել Աբդուլլահ Օջալանի բանտային պայմանների փոփոխության վերաբերյալ։ Նրա խոսքով՝ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) առաջնորդի՝ Իմրալը կղզու բանտում նոր տարածք տեղափոխվելուց հետո փոխվել են նրա աշխատանքային պայմանները, ընդլայնվել է նաև քարտուղարության կազմը։
Բաքըրհանը նշել է, որ փոփոխությունների նպատակն է ապահովել Օջալանի աշխատանքի առավել արագ և արդյունավետ կազմակերպումը։
Անդրադառնալով Թուրքիայի իշխանությունների և քրդական կողմի միջև ընթացող գործընթացին՝ Բաքըրհանը նշել է, որ այն բաղկացած է 4 փուլից։ Նրա գնահատմամբ՝ առաջին փուլը՝ զինաթափումն ու բախումների դադարեցումը, ավարտվել է, իսկ երկրորդը՝ երկխոսության և բանակցությունների հարթակի ձևավորումը, նույնպես իրականացվել է։
Բաքըրհանի խոսքով՝ գործընթացն այժմ երրորդ փուլում է, որը ենթադրում է իրավական և քաղաքական շրջանակի ձևավորում։ Նա նշել է, որ այս ուղղությամբ խորհրդարանում հանձնաժողով է ստեղծվել, ինչպես նաև օրենք է ընդունվել, թեև արձանագրված առաջընթացը դեռևս բավարար չէ։
Նա հավելել է, որ հաջորդ՝ չորրորդ փուլը պետք է ապահովի ժողովրդավարական քաղաքականության համար պայմանների ստեղծումը, ինչպես նաև հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությունը։
Բաքըրհանը նաև ընդգծել է, որ զինաթափման գործընթացին պետք է հաջորդեն իրավական և քաղաքական քայլեր։ Նրա խոսքով՝ մինչ իշխանությունները խոսում են համապետական հաշտեցման մասին, քաղհետապնդումները, ձերբակալություններն ու մամուլի ազատության սահմանափակումները շարունակում են խոչընդոտել այդ գործընթացին։
Աղբյուր՝ Agos




