Թուրքիան ավարտին է մոտեցնում ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում մնացած 6 չափանիշների կատարմանն ուղղված օրենսդրական նախագծի պատրաստումը։
Արտգործնախարար Հաքան Ֆիդանի խոսքով՝ նախագիծը պատրաստ կլինի առաջիկայում, իսկ վիզաների դիմումների հետ կապված խնդիրների երկարաժամկետ լուծումը վիզաների ազատականացման համաձայնագրի կյանքի կոչումն է։
Ֆիդանը նշել է, որ Թուրքիայի քաղաքացիների՝ Եվրոպա մեկնելու նպատակով վիզայի դիմումների թիվը շարունակում է աճել, իսկ Եվրոպայում միգրացիայի շուրջ քննարկումներն ազդում են նաև վիզաների տրամադրման գործընթացի վրա։ Նախարարը, սակայն, չի նշել, թե երբ կարող է ուժի մեջ մտնել առանց վիզայի ռեժիմը։
ԱԳ նախարարն անդրադարձել է նաև Շենգենյան գոտում թուրք բեռնատարների վարորդների մնալու ժամկետների խնդրին։ Նրա խոսքով՝ Բուլղարիայի հետ բանակցությունների արդյունքում ժամկետը գերազանցած վարորդների հարցի ժամանակավոր լուծման համար լրացուցիչ ժամանակ է տրամադրվել մինչև ամսվա վերջ։
Նա նաև նշել է, որ Թուրքիան քննարկում է վարորդներին D տեսակի վիզաների տրամադրման և խնդրի մշտական լուծման այլ տարբերակներ։ Ֆիդանը զգուշացրել է, որ հարցի չլուծված մնալը կարող է հանգեցնել թուրքական բեռնափոխադրումների ոլորտի շուկայի կորստի և խաթարել Եվրոպայում մատակարարման շղթաները։
Աղբյուր՝ Bugün Kıbrıs




