Նոյեմբերի 18-ին Բաքվում տեղի է ունեցել Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության (ՀԿԹՀ) հիմնադրման 43-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն։
Ադրբեջանական «APA» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ միջոցառմանը մասնակցել են Ադրբեջանի պետական պաշտոնյաներ, դիվանագետներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
ՀԿԹՀ-ի Բաքվի ներկայացուցիչ Ուֆուք Թուրգաները շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կիպրոսցի թուրքերին ցուցաբերած աջակցության համար՝ նշելով, որ այն նպաստել է երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ Նրա խոսքով՝ համագործակցությունն ընդլայնվում է տնտեսության, առևտրի, զբոսաշրջության, առողջապահության և կրթության ոլորտներում։
Թուրգաները կարևորել է նաև ինքնահռչակ ՀԿԹՀ-ին 2022 թ. Թյուրքական պետությունների կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ տրամադրելը։
Ադրբեջան- ինքնահռչակ ՀԿԹՀ միջխորհրդարանական աշխատանքային խմբի ղեկավար Ջավանշիր Ֆեյզիևի խոսքով՝ 2024 թ. միջխորհրդարանական խմբի ստեղծումը նպաստել է երկկողմ համագործակցության խորացմանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը պաշտոնապես չի ճանաչել Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ Հանրապետությունը։ Ինքնահռչակ ՀԿԹՀ-ն միջազգային ճանաչում ունի միայն Թուրքիայի կողմից։
Աղբյուր՝ Bugün Kıbrıs





