• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
18 Օգոստոս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Մեքքայի համաձայնագիր․ անվտանգային ի՞նչ նոր համակարգ է ձևավորվում Մերձավոր Արևելքում

14:44, 18 Օգոստոս 2026
- Գլխավոր, Հոդված, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև օգոստոսի 7-ին Մեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը դեռևս ամբողջությամբ չի բացել իր քարտերը։ Փաստաթղթի մանրամասների մի մասը հրապարակվում է աստիճանաբար, իսկ երեք երկրներն արդեն խոսում են ոչ միայն քաղաքական փոխադարձ աջակցության, այլև համատեղ զորավարժությունների, պաշտպանական արդյունաբերության, ռազմական տեխնոլոգիաների և հնարավոր նոր անդամների մասին։

Թուրքիան հայտարարել է, որ ցանկանում է համաձայնագրում տեսնել նաև Եգիպտոսին։ Եթե Կահիրեն իսկապես միանա նախաձեռնությանը, ապա Մեքքայի համաձայնագիրը դժվար կլինի այլևս դիտարկել որպես պարզապես երեք երկրների պաշտպանական պայմանավորվածություն։ Դրա աշխարհագրությունն ու քաղաքական կշիռը կփոխվեն։ Այն կսկսի միացնել մի քանի ռազմավարական տարածքներ՝ Արաբական թերակղզին, Կարմիր ծովը, Հյուսիսային Աֆրիկան և Հարավային Ասիան։

Մեքքայի համաձայնագիրը հաճախ համեմատվում է ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածի հետ, քանի որ դրա տրամաբանությունը հիմնված է այն սկզբունքի վրա, որ կողմերից մեկի դեմ զինված հարձակումը դիտարկվելու է որպես հարձակում բոլորի դեմ։

ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածը գործում է տասնամյակների ընթացքում ձևավորված հրամանատարական, հետախուզական, լոգիստիկ և ռազմական ենթակառուցվածքի շրջանակում։ Մեքքայի համաձայնագիրը դեռ չունի նման ինստիտուցիոնալ խորություն, որովհետև Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը կարծես թե փորձում են այդ կառույցը կառուցել ներքևից վերև։

Սկզբում՝ քաղաքական համաձայնություն, հետո՝ պաշտպանության և արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև զինված ուժերի ղեկավարների մասնակցությամբ մշտական համակարգման մեխանիզմներ։ Այնուհետև՝ հրամանատարաշտաբային և դաշտային զորավարժություններ։ Հետագայում՝ ցամաքային, օդային և ռազմածովային ուժերի, ՀՕՊ-ի ու անօդաչու համակարգերի համատեղ գործողություններ։ Եվ դրան զուգահեռ՝ ռազմական արդյունաբերության համագործակցություն։

Այսինքն նպատակն ընդամենը «եթե քեզ վրա հարձակվեն, մենք կօգնենք» պայմանավորվածությունը չէ։

Փորձ է արվում ստեղծել այնպիսի համակարգ, որի շրջանակում երեք երկրների զինված ուժերը սովորեն միասին գործել նախքան ճգնաժամի առաջացումը։

Համաձայնագիրը ի՞նչ հնարավորություններ է ընձեռում կողմերին

Մեքքայի համաձայնագրի ձևավորման մեջ Թուրքիայի դերը դժվար է առանձնացնել Անկարայի վերջին տարիների տարածաշրջանային ռազմավարությունից։

Թուրքիան ձգտում է միաժամանակ պահպանել իր դիրքը ՆԱՏՕ-ում, խորացնել հարաբերությունները Պարսից ծոցի երկրների հետ, զարգացնել կապերը Պակիստանի և Ասիայի այլ պետությունների հետ և ընդլայնել սեփական պաշտպանական արդյունաբերության շուկաները։ Եվ կարելի է ասել, որ այս ամենը մեկ քաղաքականության տարբեր ուղղություններ են։

Անկարայի համար կարևոր է ոչ միայն անվտանգության ոլորտում նոր գործընկերների ձեռքբերումը, այլև թուրքական պաշտպանական արդյունաբերության համար երկարաժամկետ համագործակցության տարածքի ձևավորումը։

Եթե խոսվում է համատեղ արտադրության, տեխնոլոգիական համագործակցության, անօդաչու համակարգերի, էլեկտրոնային պատերազմի և արհեստական բանականության մասին, ապա Մեքքայի համաձայնագիրը կարող է դառնալ նաև ռազմարդյունաբերական գործընկերության հարթակ։

Այստեղ Թուրքիայի համար տնտեսական և ռազմավարական շահերը միմյանցից դժվար է առանձնացնել։

Անկարան ստանում է անվտանգության համագործակցության նոր շրջանակ, իսկ թուրքական պաշտպանական արդյունաբերությունը՝ նոր գործընկերներ, շուկաներ և համատեղ նախագծերի հնարավորություն։

Էր-Ռիադի համար համաձայնագիրը նույնպես նոր իրավիճակ է ստեղծում։

Սաուդյան Արաբիան երկար տարիներ իր անվտանգության համակարգը մեծապես կառուցել է ԱՄՆ-ի ռազմական և ռազմավարական ներկայության շուրջ։ Սակայն վերջին տարիների զարգացումները ցույց են տվել, որ տարածաշրջանի երկրները ցանկանում են ավելի մեծ վերահսկողություն ունենալ սեփական անվտանգության նկատմամբ։ Սա չի նշանակում հրաժարում ԱՄՆ-ից։

Ավելի շուտ նշանակում է՝ ավելի քիչ կախվածություն մեկ անվտանգության մատակարարից։

Սաուդյան Արաբիան փորձում է դառնալ ոչ միայն անվտանգության սպառող, այլև անվտանգության համակարգի ձևավորող։

Այս համատեքստում կարևոր է նաև Կարմիր ծովի ուղղությունը։

Բաբ էլ Մանդեբի նեղուցի անվտանգությունն արդեն քննարկվում է առանձին բազմազգ մեխանիզմի շրջանակում։ Եթե այս գործընթացը շարունակվի Մեքքայի համաձայնագրին զուգահեռ, ապա Սաուդյան Արաբիան կարող է աստիճանաբար հայտնվել մի քանի տարածաշրջանային անվտանգության նախաձեռնությունների կենտրոնում։ Եվ այստեղ Մեքքայի համաձայնագիրը դառնում է այդ ավելի լայն ցանցի կարևոր հանգույցներից մեկը։

Եթե Թուրքիան Մեքքայի համաձայնագրին հաղորդում է եվրասիական և ռազմարդյունաբերական բաղադրիչ, իսկ Սաուդյան Արաբիան՝ ֆինանսական և աշխարհագրական առանցքի դեր, ապա Պակիստանի մասնակցությունն ընդլայնում է դրա ազդեցության շրջանակը՝ այն կապելով Հարավային Ասիայի անվտանգության օրակարգի հետ։

Իսլամաբադը միաժամանակ սերտ հարաբերություններ ունի Չինաստանի հետ և երկար տարիների ռազմական ու քաղաքական կապեր՝ ԱՄՆ-ի հետ։

Այսինքն՝ Մեքքայի համաձայնագրում հայտնվում է մի երկիր, որը չի տեղավորվում «Արևմուտք ընդդեմ Արևելքի» պարզ բաժանման մեջ։

Պակիստանի մասնակցությունը փաստում է, որ նոր ձևավորվող անվտանգային համակարգերը կարող են անցնել նախկին աշխարհաքաղաքական սահմաններից։

Մեքքայի համաձայնագրի հնարավոր ընդլայնման դեպքում այս հանգամանքը կարող է դառնալ դրա ուժեղ կողմերից մեկը․ տարբեր ուժային կենտրոնների հետ հարաբերություններ ունեցող երկրները կարող են համագործակցել մեկ ընդհանուր ոլորտում՝ առանց մյուս ուղղություններով իրենց քաղաքականությունը ամբողջությամբ փոխելու։

Սա արդեն 21-րդ դարի բազմաշերտ դաշինքային քաղաքականության տրամաբանությունն է։

Եգիպտոսը կմիանա՞ արդյոք համաձայնագրին

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հայտարարությունը, որ Անկարան համաձայնագրին Եգիպտոսի միանալու հարցը Կահիրեի հետ քննարկում է դեռևս նախաձեռնության սկզբնական փուլից, ցույց է տալիս, որ Եգիպտոսի ներգրավումը պատահական գաղափար չէ։

Կահիրեի մասնակցությունը համաձայնագրին կավելացնի ոչ միայն մեկ նոր երկիր, այլև նոր աշխարհագրություն։

Եգիպտոսը վերահսկում է Սուեզի ջրանցքը։ Այն գտնվում է Կարմիր ծովի և Միջերկրական ծովի միջև, ունի արաբական աշխարհի ամենախոշոր զինված ուժերից մեկը և առանձնահատուկ հարաբերություններ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ արաբական պետությունների հետ։ Եթե քարտեզի վրա նշենք միայն չորս երկրները՝ Թուրքիա, Սաուդյան Արաբիա, Պակիստան և Եգիպտոս, անմիջապես երևում է մի կարևոր բան, որ այս ձևաչափը սկսում է կապել Միջերկրական ծովը, Կարմիր ծովը, Պարսից ծոցը և Հնդկական օվկիանոսը, ինչն ինքնին խոսում է այլ մասշտաբի մասին։

Եվ այստեղ Մեքքայի համաձայնագիրը կարող է վերածվել ոչ թե պարզապես ռազմական, այլ ծովային և առևտրային անվտանգության համակարգի կարևոր բաղադրիչի։

Թուրքիան և մյուս մասնակիցները պնդում են, որ համաձայնագիրը որևէ երրորդ երկրի դեմ ուղղված չէ։ Անվտանգության համակարգերը հաճախ ձևավորվում են ոչ թե մեկ երկրի դեմ, այլ որոշակի սպառնալիքների և ռիսկերի ընդհանուր ընկալման շուրջ։

Իրանի հրթիռային և անօդաչու կարողությունները, Պարսից ծոցի աշխարհագրությունը, Եմենի ուղղությունը, Կարմիր ծովի անվտանգությունը և էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանությունը այն հարցերն են, որոնցից ոչ մեկը հնարավոր չէ քննարկել՝ ամբողջությամբ անտեսելով Իրանը։

Սակայն այստեղ Մեքքայի համաձայնագրի համար կա նաև հակասություն։ Եթե այն չափազանց հստակ հակաիրանական բնույթ ստանա, կարող է փակել իր ընդլայնման հնարավորությունը։

Եթե, օրինակ, ապագայում ցանկանում են ներգրավել Եգիպտոսին կամ Պարսից ծոցի այլ երկրներին, ապա անհրաժեշտ է պահպանել այնպիսի ձևակերպումներ, որոնք թույլ կտան այդ երկրներին միանալ առանց Իրանի հետ հարաբերությունները վերանայելու։ Հետևաբար «ուղղված չէ որևէ երկրի դեմ» ձևակերպումը կարող է լինել ոչ միայն դիվանագիտական քաղաքավարություն, այլև համաձայնագրի ընդլայնման նախապայման։

Կահիրեի հնարավոր մասնակցությունը կարևոր է ոչ միայն համաձայնագրի, այլև Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության տեսանկյունից։

Թուրքիա-Եգիպտոս հարաբերություններում վերջին տարիներին նկատվում է մերձեցում՝ տնտեսական և քաղաքական կապերի վերականգնման ու տարածաշրջանային հարցերում համագործակցության ընդլայնման ուղղությամբ։

Եթե Եգիպտոսը միանա Մեքքայի համաձայնագրին, ապա դա կարող է դառնալ այդ մերձեցման ամենաարտահայտիչ ռազմավարական դրսևորումներից մեկը։

Չորս երկրները տարբեր խնդիրներ ունեն․

Թուրքիայի համար առաջնային են Կովկասը, Սիրիան, Արևելյան Միջերկրականը, ահաբեկչության դեմ պայքարը և պաշտպանական արդյունաբերության զարգացումը։

Սաուդյան Արաբիայի համար՝ Պարսից ծոցը, հրթիռային և անօդաչու սպառնալիքները, Եմենը և էներգետիկ ենթակառուցվածքների անվտանգությունը։

Եգիպտոսի համար՝ Սինայը, Լիբիան, Գազան, Սուեզը, Կարմիր ծովը։

Պակիստանի հիմնական ռազմավարական հաշվարկները կապված են Հնդկաստանի, Աֆղանստանի և Չինաստանի հետ։

Այսինքն՝ նրանք չունեն մեկ ընդհանուր անվտանգության օրակարգ։

Եվ գուցե հենց սա է Մեքքայի համաձայնագրի իրական փորձությունը։

Կարո՞ղ է տարբեր սպառնալիքներ ունեցող չորս երկիր ստեղծել այնպիսի համակարգ, որտեղ պարտադիր չէ նույն կերպ մտածել, բայց հնարավոր է միասին գործել։ Եթե պատասխանը դրական լինի, ապա Մեքքայի համաձայնագիրը կարող է շատ ավելի կենսունակ լինել, քան դասական ռազմական դաշինքը։

Աղբյուր՝ Ermenihaber.am

Հեղինակ՝ Էլեն Քոքչյան

Ենթաբաժնի վերջին լուրերը

Իսրայելը հարվածել է թուրք-սիրիական սահմանին մոտ գտնվող ավիաբազային

18.08.2026

Հարձակումը եղել է այն բանից հետո, երբ թուրքական ռազմական պատվիրակությունը այցելել էր այդ ավիաբազայի տարածք։

Թուրքիայի թաղամասերից մեկում տղամարդկանց արգելվել է շորտիկով շրջել

18.08.2026

Նման որոշում կայացվել է բազմաթիվ բողոքներից հետո։

Թուրքիան ու Ինդոնեզիան խորացնում են համագործակցությունը

18.08.2026

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ Թուրքիան և Ինդոնեզիան շարունակել են մնալ ընկերներ դժվար ժամանակներում։

Next Post

Թուրքիայի թաղամասերից մեկում տղամարդկանց արգելվել է շորտիկով շրջել

70

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır