Եվրոպական խորհրդարանը նոյեմբերի 26-ին բանաձև է ընդունել՝ քննադատելով Թուրքիայի և Լիբիայի միջև 2019-ին ստորագրված ծովային իրավասության գոտիների սահմանազատման համաձայնագիրը։ Բանաձևում նշվում է, որ համաձայնագիրը խախտում է երրորդ երկրների ինքնիշխան իրավունքները, հակասում է միջազգային ծովային իրավունքին և չի կարող իրավական հետևանքներ առաջացնել երրորդ պետությունների համար։
Թուրքիայի նախագահի աշխատակազմի Հանրային կապերի վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը քննադատել է Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը։ Եվրախորհրդարանի լիագումար նիստում ընդունված բանաձևին արձագանքելով՝ Դուրանը սոցցանցի իր էջում գրել է, որ դրա ընդունումը զուրկ է իրավական հիմքերից և բարի կամքից։
Նա Եվրախորհրդարանի դիրքորոշումը որակել է որպես քաղաքական մոտեցման դրսևորում՝ մի հարցում, որը, իր կարծիքով, չի մտնում կառույցի իրավասության շրջանակում։ Դուրանի խոսքով՝ Թուրքիայի և Լիբիայի ինքնիշխան կամքի հիման վրա ստորագրված համաձայնագրի դեմ ուղղված նման որոշումները չեն կարող ստվերել երկու երկրների՝ Արևելյան Միջերկրականում ունեցած օրինական իրավունքներն ու շահերը։
Աղբյուր՝ Babaocağı




