Ստամբուլի գլխավոր դատախազությունը կալանավորել է 15 անձի՝ ընդդիմադիր «YENİ» կուսակցության պատգամավոր Մուստաֆա Սարըգյուլի ընտանիքին առնչվող քրեական գործով։ Նրանց թվում են լրագրող Մուրադ Աղըրելը և «YENİ» կուսակցության պատգամավորի որդի Օմեր Սարըգյուլը։
Հետաքննությունը սկսվել է Գերմանիայի երկու քաղաքացու դիմումի հիման վրա։ Նրանք պնդում են, որ Սարըգյուլների ընտանիքը տեղական և օտարերկրյա ընկերությունների միջոցով լվացել է անօրինական ծագմամբ խոշոր գումարներ։ Ըստ գերմանացիների՝ Սարըգյուլների ընտանիքին վերաբերող տեղեկություններն ու փաստաթղթերը հայտնվել են նաև լրագրող Աղըրելի ձեռքին, որից հետո իրենք սպառնալիքներ են ստացել։ Օմեր և Էմիր Սարըգյուլներին մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման և սպառնալիքի հոդվածներով։
Աղըրելը, ով արդեն գտնվում էր տնային կալանքի տակ, ձերբակալվել է հոկտեմբերի 16-ին։ Նրա գործընկեր, հետաքննությունը նրա հետ համատեղ վարող լրագրող Թիմուր Սոյքանը պնդում է, որ Աղըրելը զբաղվում էր լրագրողական հետաքննությամբ։ Սոյքանի խոսքով՝ Ս.Չ. անունով անձը Աղըրելին մեղադրանքներ էր ներկայացրել Սարըգյուլների ընտանիքի դեմ։ Աղըրելը պահանջել էր փաստաթղթեր և զրուցել ընտանիքի փաստաբանի հետ, ընդ որում կողմերը միմյանց մեղադրել էին խարդախության մեջ։ Փաստաթղթերը բավարար չհամարելով՝ լրագրողը հետաձգել էր հրապարակումը։
Աղըրելը տնային կալանքի տակ էր հայտնվել հոկտեմբերի 7-ի հայտարարության պատճառով։ «Sözcü TV»-ի եթերում նա ասել էր, որ ստացած տեղեկությունների համաձայն՝ նախարար Նամըք Գյոքալփի և Ջենգիզ Էրդալի շուրջ ֆինանսական կառույց է ստեղծվել, որում, ըստ շրջանառվող լուրերի, ներգրավված է նաև առևտրի նախարար Օմեր Բոլաթը։
Աղըրելը նախկինում հրապարակել էր նաև Գյոքչեքների ընտանիքի գույքին վերաբերող նյութեր։ Դրանից հետո Անկարայի նախկին քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը, նրա որդի Ահմեթը և հարսը՝ Հյուլյան, ցուցմունք էին տվել «կասկածյալի» կարգավիճակով։
Աղբյուր՝ Diken




