Թուրքիան, Կատարը, Պակիստանն ու Ինդոնեզիան Կատարի մայրաքաղաք Դոհայում ստորագրել են պաշտպանական արդյունաբերության ոլորտում բազմակողմ՝ «Բադր» (Արաբերենում«լիալուսին» նշանակող «Բադր» անվանումը խորհրդանշում է, որ չորս երկրների ռազմական, տեխնոլոգիական և տնտեսական ներուժները փոխլրացնելով՝ ձևավորում են կատարյալ ամբողջություն՝ լիալուսնի նման) փոխըմբռնման հուշագիր։ Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Հուշագրի նպատակն է խթանել ռազմական արտադրության ոլորտում համագործակցությունը, ամրապնդել չորս երկրների ռազմական կարողությունները և զարգացնել համագործակցությունը ռազմատեխնիկական ուսուցման, հետազոտությունների ու մշակումների բնագավառներում։
Համագործակցության առանցքային ուղղություններից են նաև համատեղ արտադրությունը, տեխնոլոգիաների փոխանցումը և մատակարարման շղթաների զարգացումը։
Համագործակցության ներկայիս օրինակներից են Կատարի զինանոցում առկա թուրքական «Bayraktar TB2» հարվածային անօդաչու թռչող սարքերը, Պակիստանի հետ իրականացվող «PN MİLGEM» կորվետների նախագիծը և Ինդոնեզիայի հետ մշակված «Kaplan MT» տանկը։
Թուրքական մամուլի բնորոշմամբ՝ Թուրքիան շարունակում է իր պաշտպանական արդյունաբերության ոլորտում զարգացրած կարողությունները վերածել բարեկամ և դաշնակից երկրների հետ ռազմավարական համագործակցության։
Չորս երկրների համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում
Թուրքիայի նախագահին առընթեր ռազմարդյունաբերության վարչության համակարգմամբ իրականացվող աշխատանքների շրջանակում զարգացվում են ռազմավարական գործընկերությունները բարեկամ և դաշնակից երկրների հետ։
Թուրքական պաշտպանական համակարգերը Կատարի զինանոցում
Թուրքիան և Կատարը ռազմական արդյունաբերության ոլորտում արդեն իսկ իրականացնում են մի շարք ծրագրեր։ Կատարի զինված ուժերի զինանոցում, «Bayraktar TB2» հարվածային անօդաչու թռչող սարքերից բացի, առկա են նաև զրահատեխնիկա և արագընթաց մարտական նավակներ։
Պակիստանի հետ «PN MİLGEM» կորվետների նախագիծ
Թուրքիայի և Պակիստանի ռազմարդյունաբերական համագործակցության կարևոր ուղղություններից է «PN MİLGEM» կորվետների նախագիծը։
Ծրագրի շրջանակում արդիականացվել է Կարաչիի նավաշինարանի արտադրական ենթակառուցվածքը։ Նավաշինության և նավերի համալրման ինժեներական ոլորտներում առկա կարողությունները փոխանցվել են տեղական աշխատուժին՝ նպաստելով Պակիստանում այդ ոլորտների արտադրական ներուժի զարգացմանը։
Ինդոնեզիայի հետ «Kaplan MT» տանկի նախագիծ
Թուրքիայի և Ինդոնեզիայի ռազմական արդյունաբերության ոլորտում իրականացվող ծրագրերի թվում է նաև «Kaplan MT» միջին դասի տանկի նախագիծը։
Նշվում է, որ տարբեր երկրների հետ իրականացվող այս ծրագրերը ցույց են տալիս ռազմական արդյունաբերության ոլորտում համատեղ արտադրության և տեխնոլոգիաների փոխանակման վրա հիմնված համագործակցության կարևորությունը։
Դոհայում ստորագրվելիք փոխըմբռնման հուշագրի նպատակն է առավել զարգացնել Թուրքիայի, Կատարի, Պակիստանի և Ինդոնեզիայի միջև ռազմարդյունաբերական համագործակցությունը։ Համատեղ արտադրության, տեխնոլոգիաների փոխանցման և մատակարարման շղթաների ամրապնդման միջոցով նախատեսվում է չորս երկրների ռազմավարական գործընկերությունը տեղափոխել նոր փուլ։
«Բադր» հուշագրի ստորագրումը նոր հիմք է ստեղծում Թուրքիայի, Կատարի, Պակիստանի և Ինդոնեզիայի միջև պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության զարգացման համար։ Համաձայնագրով նախատեսվող ռազմական արտադրության, ռազմատեխնիկական ուսուցման, հետազոտությունների և մշակումների ոլորտներում համագործակցությունը նպատակ ունի ամրապնդել չորս երկրների ռազմական կարողություններն ու ռազմավարական գործընկերությունը։
Աղբյուր՝ Cnn Türk





