Թուրքիան պատրաստվում է զորք ուղարկել Սաուդյան Արաբիա։ Այս մասին Reuters միջազգային լրատվական գործակալությանը հայտնել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորներից մեկը։
Նրա խոսքով՝ Մեքքայի համաձայնագրի շրջանակում Սաուդյան Արաբիայում զորք տեղակայելու թույլտվություն ստանալու վերաբերյալ նախագահի առաջարկը կներկայացվի խորհրդարան։ Հարցը կմտնի օրակարգ համաձայնագիրը հավանության արժանացնելու մասին օրինագծի ընդունումից և վավերացումից անմիջապես հետո։
Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև օգոստոսին ստորագրված համաձայնագիրը Թուրքիայի մեջլիս է ներկայացվել հոկտեմբերի 20-ին։ Թուրքիայի սահմանադրության 90-րդ հոդվածի համաձայն՝ միջազգային նման պայմանագրերն ուժի մեջ մտնելու համար պետք է խորհրդարանի հավանությանն արժանանան օրենքով։
Reuters-ի փոխանցմամբ՝ այս քայլով ՆԱՏՕ-ի՝ թվաքանակով երկրորդ ամենամեծ բանակն ունեցող Թուրքիան ստանձնում է Պարսից ծոցի անվտանգության ապահովման գործում ավելի անմիջական և պարտավորեցնող դեր։
Միևնույն ժամանակ, թուրք պաշտոնյան ընդգծել է, որ համաձայնագիրը չի փոխարինում Թուրքիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, այլ լրացնում է գործող անվտանգության մեխանիզմները՝ նպաստելով տարածաշրջանային անվտանգության պահպանմանը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, իր հերթին, հայտարարել է, որ համաձայնագիրը պաշտպանական, այլ ոչ թե հարձակողական բնույթ ունի։ «Թուրքիան այլ երկրի տարածք զորք չի ուղարկի՝ այնտեղ հարձակում իրականացնելու համար», – նշել է նա։
Աղբյուր՝ Kurdistan24




