Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթն անդրադարձել է Ադրբեջանի պաշտոնական «APA» լրատվական գործակալության հրապարակմանը, որտեղ Բաքուն բավականին կոշտ շեշտադրումներով քննադատում է թուրքական որոշ քաղաքական ու մեդիա շրջանակների՝ նրանց մեղադրելով Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու և քաղաքական ճնշում գործադրելու փորձերի մեջ:
«Cumhuriyet»-ի փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմի վրդովմունքի հիմքը դպրոցներում գլխաշորի արգելքի և միասնական համազգեստի շուրջ ծավալված քննարկումներն են։ Ուշագրավ է, որ Բաքուն, համեմատելով Անկարայի և Թեհրանի արձագանքները, բացահայտ նախապատվությունը տվել է Թեհրանի դիրքորոշմանը։
Ինչպես նշվում է, APA-ն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայիի հայտարարության վրա, որտեղ Իրանի պաշտոնյան հարցը դիտարկել է բացառապես Ադրբեջանի ներքին տիրույթում՝ հույս հայտնելով, որ այն կլուծվի փոխադարձ ըմբռնման շրջանակում:
Ադրբեջանական գործակալությունը, մեջբերելով Իրանի պաշտոնյային, արձանագրել է.
«Իրականում Բաղայիի հայտարարությամբ կարող ենք ասել, որ այն մոտեցումը, որն ակնկալում էինք Թուրքիայից, ստացանք Իրանից։ Իրանը, լինելով իսլամական պետություն, փաստացի հաստատում է, որ դպրոցական միասնական համազգեստը դեմ չէ կրոնին։ Մինչդեռ Թուրքիայում, ցավոք, տեսնում ենք, որ այս թեման փորձում են օգտագործել որպես մանիպուլյացիայի և քաղաքական ճնշման միջոց»։
«Cumhuriyet»-ը ներկայացնում է ադրբեջանական աղբյուրի ներկայացրած մեկ այլ տվյալ, ըստ որի՝ Բաքվի դեմ իրականացվող տեղեկատվական հարձակումների 64%-ն իրականացվում է Թուրքիայից, և միայն 11%-ը՝ Իրանից: Թեև թուրքական թերթը նկատում է, որ ադրբեջանական կողմը որևէ հստակ մեթոդաբանություն կամ վիճակագրական տվյալ չի ներկայացրել այս թվերը հիմնավորելու համար, դրանք արտացոլում են Անկարայի հանդեպ Բաքվի խորացող դժգոհությունը:
Թուրքական ընդդիմադիր լրատվամիջոցը հավելում է, որ Ադրբեջանը, վկայակոչելով նախարարների կաբինետի 2026թ. սեպտեմբերի 21-ի որոշումը, պնդում է, որ դպրոցական համազգեստի կանոնները բխում են աշխարհիկ պետության սկզբունքներից և ուղղված չեն որևէ կրոնական խմբի դեմ, մինչդեռ Թուրքիայի որոշ կրոնա-քաղաքական շրջանակներ դա ներկայացնում են որպես կրոնական ազատությունների ոտնահարում։
«Cumhuriyet»-ը մեջբերում է ադրբեջանական կողմի բավականին կոշտ եզրահանգումը, ըստ որի՝ թուրք-ադրբեջանական եղբայրությունը կասկածի տակ է հայտնվում, երբ հարցը ինքնիշխանությանն է վերաբերում։ Բաքվի պնդմամբ՝ երկու երկրների ռազմավարական դաշինքն ու եղբայրությունը պետք է չափվեն ոչ միայն քաղաքական հայտարարություններով, այլև միմյանց ինքնիշխան իրավունքների և իրավական համակարգերի հանդեպ հարգանքով։ Ադրբեջանական կողմը նշում է նաև, որ Թուրքիայի որոշ շրջանակներում նկատվող մանիպուլյացիոն մոտեցումները հակասում են եղբայրական հարաբերությունների ոգուն։
Աղբյուր՝ Cumhuriyet




