Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչն անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային ռազմական հնարավորություներին՝ ուշադրություն հրավիրելով թուրքական նավատորմի հզորության վրա: Նրա խոսքով՝ Իսրայելը պետք է ամրապնդի ռազմավարական համագործակցությունը Հունաստանի հետ։
Սմոտրիչը նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մտերիմ հարաբերությունները լուրջ դժվարություն են ստեղծում Իսրայելի համար։ Սմոտրիչի այս հայտարարությունները վերստին օրակարգ են բերել Արևելյան Միջերկրական ծովում ուժերի հավասարակշռության հարցը։
Նախարարը Թուրքիային և Պակիստանին դասել է այն երկրների շարքին, որոնց Իսրայելը պետք է հաշվի առնի անվտանգության պլանավորման ժամանակ։
Սմոտրիչի համոզմամբ՝ Իսրայելի որակական ռազմական գերազանցության պահպանումն առանցքային տեղ ունի ԱՄՆ անվտանգության քաղաքականության մեջ, ուստի պետք է կանխել այն համաձայնագրերը, որոնք կարող են խաթարել այդ առավելությունը։ Նա նաև նշել է, որ Իսրայելը պետք է նվազեցնի ռազմական արդյունաբերության արտաքին կախվածությունը և կարողանա երկարատև պատերազմ վարել սեփական միջոցներով։
Ավելի վաղ իսրայելցի նախարարը դեմ էր արտահայտվել ԱՄՆ-ից Թուրքիային F-35 կործանիչների վաճառքին։ Հուլիսին նա հայտնել էր, որ Իսրայելը դիվանագիտական քայլեր է ձեռնարկում այդ կործանիչների փոխանցումը կանխելու համար։
Միաժամանակ, թուրքական մամուլում տեղ գտած գնահատականների համաձայն՝ Սմոտրիչի հայտարարությունները չեն նշանակում, որ Իսրայելի ղեկավարությունը Թուրքիայի դեմ նոր ռազմական գործողության որոշում է կայացրել․ դրանք արտացոլում են նախարարի անհատական գնահատականները տարածաշրջանային անվտանգության և դաշինքների քաղաքականության վերաբերյալ:
Աղբյուր՝ Yeni Alanya




