Ստամբուլում և Քոջաելիում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի։ Զոհերի թիվն ավելացել է այն բանից հետո, երբ հայտնաբերվել են անհետ կորած ևս երկու անձանց մարմինները։
Նշվում է, որ հոկտեմբերի 14-ին Ստամբուլում տեղացած հորդառատ անձրևներից հետո առաջացած հեղեղումների հետևանքով անհետ կորածներին որոնելու աշխատանքները շարունակվում են։
Ծովային ոստիկանության և ոստիկանական ուղղաթիռի մասնակցությամբ Հալիչի ծոցում հայտնաբերվել է տղամարդու դի։ Պարզվել է, որ նա 30-ամյա, Թուրքմենստանի քաղաքացի Մուրատ Բաբաջանովն է։ Այսպիսով՝ Ստամբուլում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի։ Տարածքում ևս երկու անհետ կորածի որոնումները շարունակվում են։
Քոջաելիի Գեբզե շրջանում էլ հայտնաբերվել է հեղեղաջրերում հայտնված և գետն ընկած ամենագնացով անհետացած երկու անձանցից մեկի մարմինը։ Մոտ 13 ժամ տևած որոնումներից հետո հայտնաբերված անձի ինքնությունը դեռևս պարզված չէ։ Մյուս անհետ կորածի որոնումները շարունակվում են։
Ստամբուլի Այազաղա թաղամասում գետի վարարումից հետո վնասվել են բազմաթիվ տներ, առևտրային տարածքներ և ավտոմեքենաներ։ Փրկարարական ծառայությունների աշխատակիցները շարունակում են որոնել անհետ կորած Ահմեթ Դերինին և Հաշիմ Չիրիթօղուլլարը։ Որոնողական աշխատանքներին մասնակցում են Թուրքիայի արտակարգ իրավիճակների և աղետների կառավարման վարչության (AFAD), Ստամբուլի հրշեջ ծառայության, ժանդարմերիայի որոնողափրկարարական (JAK) և ոստիկանության որոնողափրկարարական (PAK) խմբերը։
Միաժամանակ շարունակվում են գետի հունի հարևանությամբ գտնվող վտանգավոր շենքերի քանդման աշխատանքները։
Աղբյուր՝ Trthaber





