
Ստամբուլում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով երկու մարդ է զոհվել, փողոցներն ու ճանապարհները հեղեղվել են, իսկ երթևեկությունը կաթվածահար է եղել։ Քաղաքի որոշ շրջաններում մեկ քառակուսի մետրի վրա տեղացած տեղումների քանակը հասել է շուրջ 200 լիտրի։
Ֆաթիհ շրջանում 14-ամյա պատանին մահացել է ջրով լցված հատվածում էլեկտրահարման հետևանքով, իսկ Այազաղայում 34-ամյա տղամարդը խեղդվել է հեղեղաջրերում։
Ստամբուլի նահանգապետարանը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հոկտեմբերի 15-ին դադարեցրել է առկա ձևաչափով անցկացվող բոլոր ուսումնական պարապմունքները։ Սահմանափակվել է նաև մոտոցիկլետների և դրանց համարժեք տրանսպորտային միջոցների երթևեկությունը ժամը 21։00-ից հետո։ Պետական հիմնարկներում աշխատող այն կանանց, որոնք ունեն մինչև 8 տարեկան երեխա կամ մինչև 8 տարեկան հաշմանդամություն ունեցող երեխա, հաջորդ օրը տրամադրվել է ազատ օր։
Ստամբուլի նահանգապետ Դավութ Գյուլը բնակիչներին կոչ է արել առանց անհրաժեշտության տնից դուրս չգալ։ Նահանգապետարանի տվյալներով՝ ստացվել է ջրհեղեղների վերաբերյալ ավելի քան 1000 ահազանգ։
Ստամբուլի քաղաքապետի պաշտոնակատար Նուրի Ասլանը հորդորել է բնակիչներին չօգտվել անձնական ավտոմեքենաներից և նախապատվությունը տալ հասարակական տրանսպորտին։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուստաֆա Չիֆթչին հայտնել է, որ փրկարարական և վերականգնողական աշխատանքներում ներգրավված են 8000 աշխատակից, ինչպես նաև 2000 տրանսպորտային միջոց և հատուկ տեխնիկա։
Անձրևների հետևանքով Ստամբուլի երեք կամուրջների վրա երթևեկության խցանումները հասել են բարձր մակարդակի։ Մետրոյի աշխատանքը երկարաձգվել է մինչև գիշերվա ժամը 02։00-ն, իսկ Ստամբուլի քաղաքապետարանի սոցիալական հաստատությունները բաց են մնալու մինչև առավոտ։
Ստամբուլի քաղաքապետարանը հայտնել է, որ հոկտեմբերի 14-ին տեղացած հորդառատ անձրևների ցուցանիշները 1985 թվականից ի վեր գրանցված ամենաբարձր ցուցանիշներից են։




Աղբյուր՝ T24



