Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բեննեթն ամերիկյան հրեական կազմակերպությունների նախագահների համաժողովում հանդես է եկել Թուրքիայի վերաբերյալ կոշտ հայտարարություններով՝ այն ներկայացնելով որպես Իսրայելի համար աճող ռազմավարական մարտահրավեր։
Բեննեթը նշել է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ Թուրքիան դառնում է անկասելի և վերածվում է Իսրայելի համար նոր ռազմավարական սպառնալիքի։ Նա Թուրքիան բնութագրել է որպես «ազդեցիկ և բարդ մրցակից»՝ընդգծելով, որ Իսրայելը չպետք է անտեսի Անկարայի աճող ազդեցությունը տարածաշրջանում։
Բեննեթի խոսքով՝ Թուրքիան, Կատարը և Պակիստանը համագործակցում են՝ ուժեղացնելով իրենց դիրքերը մուսուլմանական աշխարհում, այդ թվում միջուկային կարողությունների համատեքստում։ Նա պնդել է, որ նման համագործակցությունը կարող է նպաստել Իսրայելի շուրջ «շրջափակման» մթնոլորտի ձևավորմանը։
«Նոր թուրքական սպառնալիք է հասունանում, և մենք պիտի միասնական պատասխան տանք»,– հայտարարել է նախկին վարչապետը։
Միաժամանակ Բեննեթը քննադատել է Իսրայելի գործող իշխանություններին՝ պնդելով, որ երկիրը ներքաղաքականորեն բաժանված է և անհրաժեշտ է նոր առաջնորդություն։ Նա հայտարարել է, որ պատրաստ է «նոր էջ բացել» և Իսրայելին ավելի հզորացնել։
Աղբյուր՝ milliyet.com.tr








