Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եթովպիա կատարած այցից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Եվրոպայում ձևավորվող նոր պաշտպանական ճարտարապետությունը չի կարող արդյունավետ լինել առանց Թուրքիայի մասնակցության։ Նրա խոսքով՝ եթե Եվրոպան իսկապես ցանկանում է կառուցել նոր անվտանգության համակարգ, ապա «առանց Թուրքիայի դա կլինի թերի»։
Էրդողանն ընդգծել է, որ թուրքական բանակը ՆԱՏՕ-ի կազմում ամենամեծ և ամենաարդյունավետ ուժերից մեկն է, և Թուրքիան այն երկրներից է, որը ոչ միայն բանակցային սեղանի շուրջ է խոսում, այլ նաև իրականում ցուցադրում է իր կարողությունները դաշտում։ Նա հավելել է, որ Եվրոպան պետք է վերանայի Թուրքիային շրջանցող մոտեցումները և ընդունի, որ առանց Անկարայի մասնակցության իրական հավասարակշռություն և անվտանգություն հնարավոր չէ։
Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ իրենք տարիներ շարունակ պնդել են, որ Եվրոպական միության անվտանգության և պաշտպանության մեխանիզմներում Թուրքիայի ներգրավումը կնպաստի աշխարհամասի ընդհանուր կայունությանը։ Նրա խոսքով՝ աշխարհում արագ փոփոխությունների պայմաններում Եվրոպան չպետք է առաջնորդվի սահմանափակ և գաղափարական մոտեցումներով, այլ պետք է հաշվի առնի տարածաշրջանային ուժերի իրական դերակատարությունը։
Աղբյուր՝ Haber Global







