Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը, որի երկիրը որպես միջնորդ էր հանդես գալիս Միացյալ Նահանգների և Իրանի միջև խաղաղության բանակցություններում, հայտարարել է, որ կողմերը հունիսի 19-ին համաձայնագիր կստորագրեն Շվեյցարիայում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սոցցանցում կատարած գրառմամբ ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը՝ այն գնահատելով որպես տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման տեսանկյունից կարևոր զարգացում։
«ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը համարում եմ մեր տարածաշրջանում խաղաղության և բարօրության հաստատման ուղղությամբ կարևոր քայլ և այն ողջունում եմ գոհունակությամբ»,- նշել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ այս համաձայնությունը կնպաստի տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության մթնոլորտի ձևավորմանը։ Միաժամանակ նա ընդգծել է, որ մինչև համաձայնագրի պաշտոնական ստորագրումը անհրաժեշտ է զերծ մնալ լարվածությունը սրող հայտարարություններից, սադրանքներից և գործողություններից, ինչպես նաև զգոն լինել հնարավոր խափանման փորձերի նկատմամբ։
Էրդողանը շնորհակալություն է հայտնել Պակիստանին՝ միջնորդական ջանքերի համար, ինչպես նաև բարձր է գնահատել Կատարի և Սաուդյան Արաբիայի դիվանագիտական աջակցությունը գործընթացին։
«Թուրքիան շարունակելու է աջակցել տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարօրության հաստատմանն ուղղված բոլոր ջանքերին և նպաստել դիվանագիտության ու միջազգային իրավունքի հիման վրա կայուն լուծումների ձևավորմանը»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։
Աղբյուր՝ Ermenihaber.am









