Ծագումով քուրդ աթլետ Ջումալի Արսլանը պնդում է, որ իր ազգային պատկանելության պատճառով իրեն խոչընդոտել են մասնակցել Անթալիայում անցկացված «Աթլետիկայի աշխարհի քայլքի առաջնությանը»: Քուրդ մարզիկը Թուրքիայի աթլետիկայի ֆեդերացիայի դեմ բողոք է ներկայացրել Եվրոպայի աթլետիկայի ֆեդերացիա:
Եվրոպայում սկսված հետաքննության շրջանակում Թուրքիայի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ահմեդ Քարադաղը ներկայացրել է իր պաշտպանական նոտան` հերքելով ազգային պատկանելիությամբ պայմանավորված որևէ որոշում ընդունելու հավանականությունը, ապա հավելել.
«Քայլքի մարզաձևը Թուրքիայի արևելյան և հարավարևելյան շրջաններում մեծ մասսայականություն ունի: Չափանիշները ռասայական բնույթ չեն կրում, իսկ Արսլանի դիմելու պահին քվոտաներն արդեն լրացած են եղել»: Վերջինս որպես անձնական նշում նոտայում ավելացրել է նաև, որ ինքն էլ հայրական կողմով քրդական ծագում ունի:
Ջումալի Արսլանն էլ հերքել է Քարադաղի պնդումները՝ հայտարարելով, որ ինքը դիմումը ներկայացրել է հունվարի 1-ին, մինչդեռ հայտերի ընդունման վերջնաժամկետը եղել է փետրվարի 18-ը:
«Իմ 15-ամյա մարզական կյանքում առաջին անգամ եմ ականատես լինում, որ Եվրոպայի, աշխարհի և օլիմպիական առաջնություններից զատ որևէ մրցաշարում մարզիկին մերժեն «քվոտայի լրանալու» պատճառաբանությամբ: Թուրքիայում քուրդ մարզիկների նկատմամբ մեծ ճնշում և ասիմիլյացիոն քաղաքականություն կա, ինչի պատճառով նրանք ստիպված են թաքցնել իրենց ինքնությունը»,- ընդգծել է քուրդ աթլետը:
Արսլանը հակադարձում է Թուրքիայի աթլետիկայի ֆեդերացիայի փոխնախագահին նաև մեկ այլ օրինակով: Որպես կողմնակալ մոտեցման օրինակ՝ քուրդ մարզիկը նշում է, որ 2025-ի հունվարին Գերմանիայում հաղթելուց հետո բարձրացրել էր Իրաքյան Քուրդիստանի դրոշը, ինչից հետո էլ հեռացվել էր Թուրքիայի հավաքականի ճամբարից:
Աղբյուր՝ Bianet




