• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
10 Նոյեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Թուրքիան հիշում է Աթաթուրքին. պատմության ստվերում մնացած հայկական հետքերը

17:54, 10 Նոյեմբեր 2026
- Գլխավոր, Հոդված, Ցեղասպանություն, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Նոյեմբերի 10-ը Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մահվան օրն է (1938թ․)։

Ամեն տարի այս օրը Թուրքիայում հիշում են երկրի առաջին նախագահին՝ Աթաթուրքին։ Նրա անունը թուրքական պետականության, հանրապետական կարգերի և երկրի աշխարհիկացման հետ է կապվում։ Սակայն Աթաթուրքի պատմական կերպարը միայն Թուրքիայի Հանրապետության հիմնադրմամբ ու բարեփոխումներով չի սահմանափակվում։ Հայերի պատմության տեսանկյունից նրա քաղաքական գործունեությունն ունի նաև մեկ այլ՝ ծանր և հակասական կողմ։

Խոսքը Հայոց ցեղասպանությունից հետո հայերի ունեցվածքի բռնագրավման, հայրենազրկման և հայկական ներկայության վերացման գործընթացների շարունակության ու ամրապնդման մասին է։ Եթե Օսմանյան կայսրության երիտթուրքական իշխանություններն էին կազմակերպել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, ապա հետագայում Մուստաֆա Քեմալի գլխավորած ազգային շարժումն ու նրա ձևավորած իշխանությունը կարևոր դեր ունեցան հայերից բռնագրավված ունեցվածքի նոր կարգավիճակի պահպանման և դրա վերադարձի հնարավորությունների սահմանափակման գործում։

Հետևաբար, Աթաթուրքի մասին խոսելիս կարևոր է դիտարկել ոչ միայն այն, թե ինչպես նա հիմնադրեց ժամանակակից Թուրքիան, այլև այն, թե ինչ պատմական ժառանգության պայմաններում ձևավորվեց այդ պետությունը և ինչ տեղ ունեցավ այդ գործընթացում հայ բնակչության բռնի տեղահանման ու ունեզրկման հետևանքների ամրապնդումը։

Ո՞վ էր Աթաթուրքը․ ռազմական գործչից մինչև քաղաքական առաջնորդ

Մուստաֆա Քեմալը ծնվել է 1881 թվականին Օսմանյան կայսրության Սալոնիկ քաղաքում։ Մասնագիտությամբ զինվորական էր, կրթություն է ստացել ռազմական ուսումնական հաստատություններում և ծառայել օսմանյան բանակում։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նա ճանաչում է ձեռք բերել հատկապես 1915 թվականի Գալիպոլիի (Չանաքքալե) ճակատամարտի ընթացքում, որտեղ ղեկավարել է օսմանյան զորքերը։

Օսմանյան կայսրության պարտությունից հետո՝ 1919 թվականին, Քեմալը գլխավորել է թուրքական ազգային շարժումը։ Այն ուղղված էր կայսրության տարածքների մասնատման և օտարերկրյա ռազմական ներկայության դեմ։ Շարժման արդյունքում ձևավորվել է Անկարայի ազգային իշխանությունը, որը հետագայում դարձել է նոր թուրքական պետության հիմքը։

1922 թվականին վերացվել է սուլթանությունը, իսկ 1923 թվականի հոկտեմբերի 29-ին հռչակվել է Թուրքիայի Հանրապետությունը։ Մուստաֆա Քեմալն ընտրվել է երկրի առաջին նախագահ և այդ պաշտոնը զբաղեցրել մինչև մահը՝ 1938 թվականը։

Հայերի ունեզրկումը և քեմալական իշխանության քաղաքականությունը

Աթաթուրքի պատմական գործունեության կարևոր, բայց հաճախ շրջանցվող կողմերից մեկը Հայոց ցեղասպանությունից հետո հայերի ունեցվածքի բռնագրավման գործընթացի շարունակությունն է։

1915 թվականին երիտթուրքական իշխանությունների կազմակերպած ցեղասպանության և հայերի զանգվածային տեղահանության հետևանքով հսկայական քանակությամբ հայկական անշարժ ու շարժական գույք մնաց առանց տերերի։ Այդ ունեցվածքը՝ տները, հողերը, խանութները, բանկային միջոցներն ու ձեռնարկությունները, դարձավ պետական վերահսկողության և վերաբաշխման առարկա։

Թեև Առաջին համաշխարհային պատերազմից հետո Օսմանյան իշխանությունները որոշ քայլեր էին ձեռնարկել բռնագրավված ունեցվածքը վերադարձնելու ուղղությամբ, Անկարայում ձևավորված քեմալական իշխանությունը հետագայում փաստացի փակեց այդ հնարավորությունների զգալի մասը։

1922 թվականի սեպտեմբերի 14-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովը չեղարկեց 1920 թվականի հունվարի 12-ի՝ տեղահանվածների ունեցվածքի վերադարձը նախատեսող կանոնակարգը։ Դրանով կրկին իրավական հիմք ստացան 1915 թվականին ընդունված բռնագրավման մասին օրենսդրական դրույթները։

1923 թվականի ապրիլի 15-ին ընդունված նոր կարգավորումներով ամրապնդվեց այս քաղաքականությունը։ Ստեղծվեցին «Լքյալ գույքի հանձնաժողովներ», որոնք զբաղվում էին հայերին և հույներին պատկանած ունեցվածքի կառավարմամբ, լուծարմամբ և վերաբաշխմամբ։ Հայերի՝ իրենց նախկին բնակավայրեր վերադառնալու և սեփականությունը պահանջելու հնարավորությունները շարունակաբար սահմանափակվեցին։

Աթաթուրքի պատմության մեջ հայկական հետքը

Աթաթուրքի պատմության մեջ կա նաև մի քանի ուշագրավ հանգամանք․ նրա անձնական խորհրդանիշներից մեկի՝ հայտնի ստորագրության հեղինակը հայազգի մասնագետ էր։

Խոսքը գեղագիր և ձեռագրաբան Հակոբ Վահրամ Չերչիյանի մասին է։ 1934 թվականին, երբ Մուստաֆա Քեմալին շնորհվեց Աթաթուրք ազգանունը, նրա համար նոր ստորագրության նմուշ մշակելու աշխատանքը վստահվեց Չերչիյանին։ Վերջինս պատրաստել էր հինգ տարբերակ, որոնցից Քեմալն ընտրել էր մեկը։ Այս պատմությունը ներկայացվել է նաև Չերչիյանի որդու՝ Տիգրանի հիշողությունների հիման վրա։

Մյուս կարևոր անունը հայազգի լեզվաբան Հակոբ Մարթայանն է (Դիլաչար)։ Նա մասնակցել է Թուրքիայի լեզվաբանական բարեփոխումների աշխատանքներին, եղել է Թուրքիայի լեզվաբանական ընկերության առաջատար մասնագետներից մեկը։ Աթաթուրքն անձամբ նրան շնորհել է Դիլաչար ազգանունը, որը թուրքերենից թարգմանաբար նշանակում է «լեզու բացող»։

Մարթայանի անվան հետ կապվում է նաև Աթաթուրք (Թուրքերեի հայր) ազգանվան առաջարկի պատմությունը։ Ըստ տեղեկությունների՝ հենց նա է առաջարկել Մուստաֆա Քեմալին այդ ազգանունը։

Հատկանշական է, որ Մուսթաֆա Քեմալը սեփական կենսաբանական երեխաներ չի ունեցել, սակայն որդեգրել է ութ երեխայի։ Նրանցից մեկը Սաբիհա Գյոքչենն էր, որը հետագայում դարձավ Թուրքիայի առաջին կին ռազմական օդաչուներից մեկը և երկրի խորհրդանիշներից։ Նրա անունով է անվանակոչվել նաև Ստամբուլի միջազգային օդանավակայաններից մեկը։

Սակայն Սաբիհա Գյոքչենի կենսագրության մեջ կա մի հանգամանք, որը լրացուցիչ հետաքրքրություն է հաղորդում Աթաթուրքի պատմության մեջ հայկական հետքին։ Ըստ տարածված պատմական վկայությունների՝ Սաբիհա Գյոքչենը ծնունդով հայ էր, նրա իրական անունը Խաթուն Սեբիլջյան էր։ Հայոց ցեղասպանության տարիներին ընտանիքից բաժանվելուց հետո նա հայտնվել էր թուրքական որբանոցում, որտեղից էլ հետագայում որդեգրվել էր Մուստաֆա Քեմալի կողմից։

Աթաթուրքի մահը և քաղաքական ժառանգությունը

Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը մահացել է 1938 թվականի նոյեմբերի 10-ին՝ Ստամբուլում, 57 տարեկան հասակում։ Թաղված է Անկարայի Անըթքաբիր դամբարանում։

Նրա անունը մինչ օրս առանցքային տեղ է զբաղեցնում Թուրքիայի պետական գաղափարախոսության և քաղաքական ինքնության մեջ:

Աթաթուրքի ղեկավարած ժամանակաշրջանը նաև հայերի բռնագրավված ունեցվածքի վերադարձի հնարավորությունների սահմանափակման, ցեղասպանության հետևանքների իրավական ամրապնդման և հայկական նյութական ներկայության հետագա վերացման պատմություն է։

Հեղինակ՝ Էլեն Քոքչյան

Աղբյուր՝ Ermenihaber.am

Tags: ԱթաթուրքԹուրքիաՀայոց ցեղասպանություն

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանն ու Բուլղարիան համաձայնագիր են կնքել

10.11.2026

Կողմերը նախատեսում են զարգացնել մաքուր էներգիայի աղբյուրներից արտադրված էլեկտրաէներգիայի անդրսահմանային փոխանցումը։

Թուրքիայում 22 ճանապարհ է փակվել

10.11.2026

Ռիզեում ձյան պատճառով մի շարք գյուղեր մնացել են շրջափակման մեջ։

Ուրալօղլու. «Թուրքիա-Հայաստան սահմանային անցակետերը կբացենք կարճ ժամանակում»

10.11.2026

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը հարցազրույց է տվել ադրբեջանական լրատվամիջոցներին։

Next Post

Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանն ու Բուլղարիան համաձայնագիր են կնքել

8

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır