Անկարայում Ինդոնեզիայի դեսպանատան կողմից կազմակերպվել է ընդունելություն «Ինդոնեզիայի անկախության օրվա» առթիվ։ Ընդունելությանը մասնակցել են Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, ռազմարդյունաբերության ղեկավար Հալուք Գյորգյունը, Անկարայում Ինդոնեզիայի դեսպան Ահմադ Ռիզալ Պուրնաման, Թուրքիայի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Սելչուք Բայրաքթարօղլուն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Գյուլերը նշել է, որ Ինդոնեզիան միշտ էլ առանձնահատուկ տեղ է զբաղեցրել Թուրքիայի համար, ու չնայած երկու երկրների աշխարհագրական հեռավորությանը, գոյություն ունի խորը արմատներ ունեցող բարեկամություն և եղբայրություն, որը հիմնված է դարեր շարունակ գոյություն ունեցող պատմական և մշակութային ամուր կապերի վրա։
Ըստ Գյուլերի՝ Ինդոնեզիան Հարավարևելյան Ասիայի ամենամեծ տնտեսություններից մեկն է՝ իր դինամիկ բնակչությամբ և բարձր ներուժով, տարածաշրջանի կարևոր երկիր է և Թուրքիայի արժեքավոր ու ռազմավարական գործընկեր։ Այդ համատեքստում երկրներն անընդհատ զարգացնում են համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում՝ առևտրից ու ներդրումներից մինչև էներգետիկա, առողջապահություն, կրթություն և մշակույթ։
Գյուլերն ընդգծել է, որ Ինդոնեզիայի հետ համագործակցությունն ամրապնդվել է տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական և ռազմարդյունաբերության, և նշել, որ նրանք մեծ նշանակություն են տալիս երկու երկրների զինված ուժերի միջև փոխադարձ փորձի փոխանակմանը, սերտ շփումներին և համատեղ վարժանքներին։
Գյուլերը նաև հայտնել է, որ Թուրքիայի տեղական արտադրության 5-րդ սերնդի մարտական ինքնաթիռների՝ «KAAN»-ի վաճառքի համաձայնագիրը երկկողմ համագործակցությունը հասցրել է ավելի բարձր մակարդակի
Անկարայում Ինդոնեզիայի դեսպան Պուրնաման էլ նշել է, որ Թուրքիան և Ինդոնեզիան շարունակել են մնալ ընկերներ դժվար ժամանակներում և, հետևաբար, իսկական ընկերներ են։ Ըստ դեսպանի՝ թուրքական ընկերությունները շարունակում են ներդրումներ կատարել Ինդոնեզիայում, և ինդոնեզական ընկերությունները նույնպես ներդրումներ են անում Թուրքիայում։
Աղբյուր՝ Star.com




