Հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները լուսաբանելու համար Երևան էին ժամանել թուրք լրագրողներ։ Նրանք Հայաստան էին այցելել «Հրանտ Դինք» միջազգային հիմնադրամի երկխոսության և մոնիթորինգի ծրագրի շրջանակներում։ Ermenihaber.am–ը բացառիկ հարցազրույց է անցկացրել Երևանում գտնվող թուրք լրագրող և Հրանտ Դինքի հիմնադրամի Թուրքիա-Հայաստան հարաբերությունների երկխոսության ծրագրերի համակարգող Բուրջու Քարաքաշի հետ։
– Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանում անցկացված ընտրական գործընթացը և ի՞նչ տպավորություն եք ստացել։
– Նախ մենք բախտ ունեցանք հետևելու Երևանում անցկացվող ընտրություններին, քանի որ դրանք կարևոր էին ինչպես Հայաստանի, այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանի համար։ Կարող եմ ասել, որ ընտրությունների մթնոլորտը բավականին տարբերվում է Թուրքիայում անցկացվող ընտրություններից։ Թուրքիայում ընտրական գործընթացները դեռևս բավականին աշխույժ են։ Որքանով մենք կարողացանք տեսնել, Հայաստանում ընտրական գործընթացն ավելի հանգիստ ընթացավ։
Մենք նաև հնարավորություն ունեցանք հունիսի 5-ին ներկա գտնվելու Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին Հանրապետության հրապարակում։ Իմ ընդհանուր տպավորությունն այն է, որ խաղաղության դիսկուրսն արձագանք գտավ ընտրարշավի ընթացքում:
– Ինչպե՞ս եք թուրք հանրությանը փոխանցել ընտրությունների գործընթացն ու արդյունքները։
– Հայաստանից վերադառնալուց հետո ես մասնակցեցի «Açık Radyo»-ի հաղորդմանը և «Medyascope» ալիքի «YouTube» ծրագրին և թուրք հանրության հետ կիսվեցի ընտրությունների վերաբերյալ իմ տպավորություններով։ Երևանում մեր հանդիպումներից և քննարկումներից ես փորձեցի փոխանցել այն հիմնական թեմաները, որոնց թվում էին, հայկական ռեգիոնալ ինքնության վերաիմաստավորումը, Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ձևավորվող նոր իրողությունները, ինչպես նաև Հայաստանի եվրաինտեգրման գործընթացը։
Ջանք գործադրեցի ընդգծելու, որ ընտրությունների արդյունքները կարևոր ազդակներ են պարունակում ոչ միայն Հայաստանի ներքաղաքական կյանքի, այլև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ընթացքի տեսանկյունից։
– Թուրք հասարակությունը ինչպե՞ս արձագանքեց Հայաստանի ընտրություններին։
– Չենք կարող ասել, որ Թուրքիայում հայաստանյան ընտրությունների նկատմամբ մեծ հետաքրքրություն կար, բայց կարող ենք ասել, որ հետաքրքրասիրություն կար, թե ինչ է սպասվում երկկողմ և տարածաշրջանային հարաբերություններին Փաշինյանի հաղթանակից հետո։ Այս անտարբեր վիճակը միայն Թուրքիայի ներկայիս ապրումների քաղաքական, տնտեսական և սոցիալական ճգնաժամերից չի բխում։ Դա կարող է նաև դիտվել որպես երկու երկրների միջև հաղորդակցության խզման արտացոլում։
Հրանտ Դինքի հիմնադրամի երկխոսության ծրագրերն իրականացվում են հենց այս բացը լրացնելու համար. մեր նպատակներից մեկն այն է, որ հարևան երկրում տեղի ունեցող քաղաքական վերափոխումները ոչ միայն լինեն փորձագիտական շրջանակների ուշադրության կենտրոնում, այլև արձագանք գտնեն թուրքական հասարակության մոտ…
– Ինչպե՞ս կազդեն այս ընտրությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս գործընթացից։
– Ճիշտ չի լինի ասել, թե միայն ընտրություններն են որոշելու կարգավորման գործընթացի ճակատագիրը, սակայն ակնհայտ է, որ դրանք ազդեցություն կունենան Հայաստանի քաղաքական մանևրների վրա։ Ընտրությունների արդյունքները, ամրապնդելով Հայաստանում առկա քաղաքական հավասարակշռությունը, կարող են նաև դրական թափ հաղորդել կարգավորման գործընթացին։
Հուսով եմ, որ վերջին ընտրությունները նոր էջ կբացեն տարիներ շարունակ փխրուն եղած Հայաստան-Թուրքիա հարաբերություններում։ Ամենից առաջ ես հույս ունեմ, որ դա կոնկրետ կազդի խաղաղության և կարգավորման գործընթացի վրա, փակ դռները կբացվեն, և երկու հասարակությունների միջև երկխոսության ուղիները կընդլայնվեն։
Ես կարծում եմ, որ մամուլը և քաղաքացիական հասարակությունը կարող են կարևոր դեր խաղալ այս գործընթացում։ Հավատում եմ, որ եթե բոլորը կատարեն իրենց բաժին պարտականությունը, կարելի է կառուցել մարդկային կապի և փոխըմբռնման վրա հիմնված երկարատև կամուրջ։
Հեղինակ՝ Անի Գալստյան
Աղբյուր՝ Ermenihaber.am









