Թուրքիայում TikTok-ի մի շարք հայտնի օգտատերերի մասնակցությամբ փողերի լվացման գործով 14 անձի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել։ Նրանցից 11-ը ձերբակալվել է, իսկ գույքի վրա կալանք է դրվել։
Անկարայի գլխավոր դատախազության տվյալներով՝ կասկածյալները TikTok-ի ուղիղ եթերների ընթացքում սոցիալական ցանցի որոշ հայտնի օգտատերերի ուղարկել են մեծ արժեք ունեցող վիրտուալ նվերներ՝ դրանք ներկայացնելով որպես նվիրատվություններ։ Վերջիններս նվերների արժեքը փոխանցել են իրենց հաշիվներին, պահել նախապես պայմանավորված միջնորդավճարը, իսկ մնացած գումարը փոխանցել կասկածյալների բանկային հաշիվներին կամ դրա դիմաց ձեռք բերել ոսկյա զարդեր՝ ապօրինի եկամուտները օրինականացնելու և արտերկիր տեղափոխելու նպատակով։
Թուրքիայի ֆինանսական հանցագործությունների հետաքննության խորհրդի (MASAK) տվյալներով՝ 14 կասկածյալների դրամական շրջանառությունը վերջին 6 տարվա ընթացքում կազմել է 1 մլրդ 928 մլն 362 722 լիրա։
Աղբյուր՝ Diken




