Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ինքնաթիռում պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունում (ՀԿԹՀ) հոկտեմբերի 19-ին կայացած «նախագահական ընտրությունների» արդյունքներին:
Հիշեցնենք, որ այդ ընտրություններում հաղթանակ էր տարել գլխավոր ընդդիմադիր «Հանրապետական թուրքական» կուսակցության (CTP) առաջնորդ Թուֆան Էրհյուրմանը՝ ստանալով ձայների 62,8 տոկոսը, իսկ Թուրքիայի իշխանությունների աջակցությունը վայելող գործող նախագահ Էրսին Թաթարը՝ 35,8 տոկոսը։
«Հնարավոր չէ, որ մենք աչքի ծայրով կամ խեթ հայացքով նայենք Հյուսիսային Կիպրոսին։ Սա կարևոր ընտրություն է, և Կիպրոսի թուրք ժողովրդի կամքը մեզ համար մեծ հարգանքի է արժանի»,-ասել է Թուրքիայի ղեկավարը։
Պատասխանելով հարցին, թե ինչպիսին կլինեն ինքնահռչակ ՀԿԹՀ-ի և Թուրքիայի հարաբերությունները նոր շրջափուլում՝ Թուֆան Էրհյուրմանի հաղթանակից հետո, Էրդողանը նշել է․ «Ինչպես մինչ այժմ են եղել մեր հարաբերությունները Հյուսիսային Կիպրոսի հետ «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության (Թուրքիա) օրոք, նույն կերպ էլ կշարունակվեն։ Այդ իսկ պատճառով մենք իրենց արդեն շնորհավորել ենք»։
Էրդողանը հայտնել է, որ ինքնահռչակ ՀԿԹՀ-ում Անկարան մեծածավալ ներդրումներ է իրականացրել՝ «պետական կառույցները» հզորացնելու նպատակով։
«Այսքան ներդրումները մենք Հյուսիսային Կիպրոսում ապարդյուն չենք արել։ Տարիներ շարունակ մենք այցելել ենք Հյուսիսային Կիպրոս․ նախագահի շենքը փոքր էր, մեզ այնտեղ էին դիմավորում, այնտեղ էին անցկացվում արարողությունները։ Մենք ասացինք՝ պետք է կառուցել մի խորհրդարանի և նախագահի շենք, որը կհամապատասխանի Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությանը։ Եվ շատ արագ այդ շենքերը կառուցվեցին, իսկ Հարավային Կիպրոսում նման բան չկա։ Ընտրություններ անցկացվեցին, և որպես ժողովրդավարությանը հավատացող ղեկավար՝ ես զանգահարեցի ու շնորհավորեցի ընտրությունները հաղթած թեկնածուին»,– ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ Թուֆան Էրհյուրմանը հրավիրվել է Անկարա:
«Այժմ ես Ծոցի երկրներ այց եմ իրականացնում։ Այս այցից հետո մեր դռները բաց են ձեզ համար, ասացի՝ սպասում ենք ձեզ։ Նրանք էլ պատասխանեցին, որ կկատարեն այդ այցը։ Մենք օտար չենք միմյանց համար, կհանդիպենք։ Եթե այս շաբաթվա ավարտին այցը կայանա, ապա մանրամասն կքննարկենք Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության հարաբերությունները»,– հավելել է նա։
Աղբյուր՝ T24








