Թուրքիայի հաջորդ համապետական ընտրությունները (2028թ.) կարող են դառնալ վերջին տարիների ամենախորհրդանշական քաղաքական հանգրվանը։ Այժմ այդ երկրում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) բախվել է սոցիալ-քաղաքական դժգոհության ալիք։ Բացի այդ ԱԶԿ-ի վարկանիշի վրա բացասական ազդեցություն կարող են ունենալ ընդդիմադիրների դեմ իրականացվող քաղաքական ճնշումները։ Այս համատեքստում առանցքային հարցը հետևյալն է՝ որքա՞ն է հավանական ԱԶԿ-ի հաղթանակը կամ պարտությունը։ Ի՞նչ գործոններ կարող են վճռորոշ դառնալ։
Վերջին շրջանում Թուրքիայի ներքաղաքական դաշտում նկատվում է ակտիվ վերադասավորում։ Ընդդիմադիր ուժերը փորձում են ձևավորել նոր օրակարգ՝ հիմնված սոցիալ-տնտեսական դժգոհության, անվտանգային խնդիրների և կառավարման արդյունավետության վերաբերյալ քննադատության վրա։ Իշխանությունն էլ պահպանում է իր ազդեցությունը մեդիա դաշտի և վարչական համակարգի վրա։
Հասարակական տրամադրությունները հակասական են․ ընտրազանգվածի մի մասը շարունակում է նախապատվությունը տալ կայունությանը և կանխատեսելիությանը, մյուս կողմից՝ աճում է փոփոխությունների պահանջը, հատկապես երիտասարդների և քաղաքային շրջաններում բնակվող ընտրողների շրջանում։ Թուրքական մի շարք հետազոտական ընկերություններ, անդրադառնալով թեմային, առաջիկա ընտրություների վերաբերյալ տարրատեսակ սոցհարցումներ են անցկացրել:
Օրինակ՝ թուրքական «GÜNDEMAR Araştırma» ընկերության 2025-ի սեպտեմբերին անցկացրած սոցհարցումը ցույց է տալիս, որ Թուրքիայի քաղաքական դաշտում մրցակցությունը հիմնականում կենտրոնացած է գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) և «ԱԶԿ»-ի միջև: Այս փուլում առավելությունը ընդդիմադիր ԺՀԿ-ի կողմն է։
Արդյունքների համաձայն՝ խորհրդարանական ընտրությունների պարագայում ԺՀԿ-ն կհավաքի ընտրողների 35.83% աջակցությունը՝ համեմատական կարգով զբաղեցնելով առաջատարի դերը, մինչդեռ իշխող ԱԶԿ-ն, ունենալով 30.95% աջակցության, կմնա երկրորդ տեղում։ Հետազոտության մեջ անդարդարձ է կատարվել կուսակցությունների հեղինակավոր դեմքերին ևս: Ըստ այսմ էլ՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի սցենարներում ընդդիմադիր թեկնածուները ևս առաջ են իշխող կուսակցության ղեկավար և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից:
Ինչպես ավելի վաղ նշել էինք, ընդդիմադիրների նկատմամբ իրականացվող քաղաքական ճնշումները կարող են բացասաբար ազդել ԱԶԿ-ի և անձամբ Էրդողանի հեղինակության վրա ու հակառակը՝ բարձրացնել ճնշումների տակ հայտնված ընդդիմադիր գործիչների ռեյտինգը: Այդ մասին փաստում է հետազոտության արդյունքներով Ստամբուլի նախկին քաղաքապետ և մարտից կալանքի տակ գտնվող ԺՀԿ-ի նախագահի թեկնածու Էքրեմ Իմամօղլուի համեմատաբար առաջատար դիրքը: Վերջինս սացհարցման տվյալներով Էրդողանից առաջ է անցել ավելի քան 11%-ով՝ ստանալով հետազոտության շրջանակում հարցված ընտրողների 55.58%-ի ձայնը:
Հատկանշական է, որ ռեյտինգի հարցում Էրդողանը դեռևս սեպտեմբերի տվյալներով զիջել է նաև ԺՀԿ-ական Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշին և ԺՀԿ առաջնորդ Օզգյուր Օզելին: «GÜNDEMAR Araştırma» հետազոտական ընկերության կողմից 18 տարեկանից բարձր 2235 մարդու շրջանում անցկացված հարցումներով պարզ է դառնում, որ իշխանության դիրքերը հետզհետե թուլանում են: Ըստ հետազոտության՝ ընտրողների շրջանում փոփոխությունների պահանջը ուժեղանում է ինչպես կուսակցական, այնպես էլ առաջնորդների մակարդակով:
Նշենք, որ սա թուրքական միակ հետազոտական ընկերությունը չէ, որի աշխատանքներից պարզ է դառնում իշխող կուսակցության առաջիկա հնարավոր պարտությունը: Այդպիսիններից է նաև «ORC Araştırma» ընկերությունը, որն արդեն հասցրել է վերհանել իշխանություն-ընդդիմություն պայքարի քաղաքական պատկերը՝ 2026-ի հունվարի 15-ից 18-ը Ստամբուլի ընտրողների շրջանում անցկացված հետազոտությամբ:
Ըստ այդմ՝ Թուրքիայի ամենախոշոր քաղաքում՝ Ստամբուլում, ևս ԺՀԿ-ի և ԱԶԿ-ի մրցակցությունը շարունակում է մնալ սուր: Այդ վճռորոշ քաղաքում, թեև այժմ չնչին տարբերությամբ, սակայն առավելությունը կրկին ընդդիմադիր ԺՀԿ-ինն է: Հարցման մասնակիցներին տրվել է հետևյալ հարցը․ «Եթե այս կիրակի ընտրություններ լինեին, ո՞ր կուսակցությանը կքվեարկեիք», ինչին ի պատասխան 33.1%-ը տվել է ԺՀԿ-ի, իսկ 30.8%-ն ԱԶԿ-ի անունը:
Ընդհանուր առմամբ 2.3 տոկոսային կետով գրանցված տարբերությունն ընդգծում է, որ մրցակցությունը Ստամուլում բավական թեժ է լինելու, քանզի Էրդողանի «Ով ձեռք բերի Ստամբուլը, ձեռք կբերի Թուրքիան» հեղինակավոր արտահայտությունը մշտապես փաստել է մեծ քաղաքների դերը ընտրություններում: Դե, ի վերջո, չմոռանանք՝ ոչ վաղը ացյալում, մինչև Իմամօղլուի ձերբակալությունը, թե՛ Ստամբուլը և թե՛ Անկարան ժողովրդի կողմից ընտրված ԺՀԿ-ականների ձեռքում էին: Ստացվու՞մ է որ ԱԶԿ-ն արդեն իսկ պարտվել է, իսկ այժմ փորձում է շտկել իրավիճակը, թեկուզ, բռնաճնշումների և տարրատեսական քաղաքական-իրավական գործընթացների միջոցով:
Այնուամենայնիվ, իշխող կուսակցությունն այժմ փորձում է ջատագովել ընդդիմադիր այն շրջանակներին, որոնք հանդիպում-քննարկումներ են ունենում Թուրքիայի կողմից ահաբեկաչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ։ Սակայն իրականում ԱԶԿ-ն նպատակ ունի քրդական ընտրազանգվածի ձայներն իր օգտին օգտագործել՝ վարկանիշը բարձրացնելու համար։ Բայց դրա համար նախ և առաջ պիտի գնա անհրաժեշտ փոփոխությունների՝ ընդհուպ մինչև բացահայտ քաղաքական բռնաճնշումների դադարեցման ու թափանցիկ ընտրությունների անցկացման:
Այս համատեքստում Իմամօղլուին ազատ արձակելը ևս կարող է իրավիճակի վրա դրականորեն ազդող գործոն հանդիսանալ, իսկ Էրդողանին և իր կուսակցությանը դարձնել «ժողովրդավար ղեկավար և քաղաքական ուժ», որոնք ոչ թե քաղաքական պայքար կմղեին աթոռի և իշխանության, այլ կմրցեին իրապես երկրի լավագույն ապագայի համար՝ բաց լինելով քննադատությունների և սեփական քաղաքականությունը լավարկելու առաջարկների առաջ:
Աղբյուր՝ Ermeni Haber
Հեղինակ՝ Անդրանիկ Տեր-Կարապետյան









