Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայում։ Այցի շրջանաներում նա հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ, որից հետո կողմերը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։
Ֆիդանը նշել է, որ Արաղչիի հետ քննարկել են շատ կարևոր հարցեր ու մանրամասն անդրադարձել տարածաշրջանային ու երկկողմ հարցերի։
«Մեր տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը մեր արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունների շարքում են։ Մենք մշտապես կողմ ենք եղել այն մոտեցմանը, որ տարածաշրջանային խնդիրների լուծման հարցում պետք է առաջնորդվել հենց տարածաշրջանի դերակատարների մոտեցմամբ։ Անկախ նրանից՝ խոսքը Մերձավոր Արևելքի, Բալկանների կամ Հարավային Կովկասի մասին է, մեր աշխատանքներն ամբողջությամբ կառուցում ենք հենց այս սկզբունքի հիման վրա»,- նշել է Ֆիդանը։
Այս համատեքստում հարևան Իրանի խաղաղությունն ու բարեկեցությունը մեծ նշանակություն ունեն ոչ միայն Թուրքիայի, այլև ողջ տարածաշրջանի համար։ Ֆիդանը նաև հավելել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանում տեղի ունեցող զարգացումներին։
Աղբյուր՝ Anadolu Ajansı









