Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում կառուցվող նոր մարզադաշտը, որը նախատեսված է 51․050 հանդիսատեսի համար, շահագործման կհանձնվի 2026-2027 մրցաշրջանի սկզբին։ Նախկին «Մայիսի 19» մարզադաշտի տարածքում կառուցվող համալիրի շինարարական աշխատանքների շուրջ 80 %-ն արդեն ավարտված է։ Այն կդառնա Թուրքիայի 3-րդ ամենամեծ և ժամանակակից մարզադաշտերից մեկը։
Համալիրը նախատեսված է ոչ միայն ֆուտբոլային հանդիպումների, այլև 13 մարզաձևերի համար։ Այստեղ կլինեն աթլետիկայի և թենիսի հարթակներ, ինչպես նաև ըմբշամարտի, ձյուդոյի, կարատեի, թեքվանդոյի, բռնցքամարտի, աղեղնաձգության, հրաձգության, սուսերամարտի, սեղանի թենիսի և այլ մարզաձևերի մարզասրահներ։ Նախագծի պատասխանատուները նշում են, որ մարզադաշտը գործելու է որպես շաբաթվա բոլոր օրերին ակտիվ մարզական համալիր։
Շինարարությունն իրականացվում է պետական բնակարանաշինական վարչության կողմից։ Ըստ նախագծի ղեկավարների՝ կառույցը նախագծվել է բարձր սեյսմակայունության չափանիշներով։ Տարածքում աշխատում է մոտ 1000 մարդ, իսկ աշխատանքների ավարտից հետո այն կհամարվի տարածաշրջանի ամենաժամանակակից մարզական կառույցներից մեկը։
Աղբյուր՝ trthaber.com








