Թուրքիայի «Ազգային հետախուզական ծառայության» (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը Կահիրեում հանդիպել է պաղեստինյան խմբավորումների և երաշխավոր երկրների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի 2-րդ փուլի իրականացման հարցը:
Եգիպտոսի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ կողմերը աշխատել են «ճանապարհային քարտեզ» նախագծի վրա, որի նպատակն է առաջ մղել հրադադարի գործընթացը և հաղթահարել առկա խոչընդոտները։
Թուրքիայից բացի հանդիպմանը ներկա են եղել Եգիպտոսի և Կատարի բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև պաղեստինյան կողմի ներկայացուցիչներ։ Քննարկվել են Գազայի կառավարման, վերականգնման, միջազգային ուժերի տեղակայման, հումանիտար օգնության ծավալների մեծացման և իսրայելական զորքերի դուրսբերման մեխանիզմները:
Քալընը Կահիրեում նաև առանձնազրույցներ է ունեցել Եգիպտոսի հետախուզության նախարար Հասան Ռաշադի, ինչպես նաև Կատարի վարչապետ և ԱԳ նախարար Մուհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանիի հետ։ Քննարկվել են ԱՄՆ/Իսրայել-Իրան պատերազմին, Սոմալիին, Սուդանին և Լիբիային առնչվող հարցեր:
Հիշեցնենք, որ Գազայում հրադադարի համաձայնագիրն ուժի մեջ էր մտել 2025թ-ի հոկտեմբերի 10-ին, սակայն պաղեստինյան կողմը հայտարարում է, որ Իսրայելը լիարժեքորեն չի կատարում իր ստանձնած պարտավորությունները:
Աղբյուր՝ Trt Haber








