21-րդ դարում աֆրիկյան մայրցամաքի ռազմավարական նշանակությունը համաշխարհային քաղաքականության մեջ շարունակում է աճել։ Շնորհիվ իր աշխարհագրական դիրքի, հարուստ ռեսուրսների, առևտրային շուկայի ծավալների Աֆրիկան գլոբալ ու տարածաշրջանային դերակատարների համար համարվում է անփոխարինելի ռազմավարական մայրցամաք։ Այդ մայրցամաքի նկատմամբ հետաքրքրվածություն է ցուցաբերում նաև Թուրքիան։ Բայց Հանրապետության հիմնադրումից (1923) ի վեր Թուրքիա-Աֆրիկա հարաբերություններն ավանդաբար գտնվել են ցածր մակարդակի վրա։ Դրա հիմնական պատճառներն են եղել ներքին իրավիճակը, նոր պետության ձևավորումը և անկախության պահպանումը։
Ավելի ուշ՝ 1997-ին Լյուքսեմբուրգում կայացած Եվրամիության (ԵՄ) գագաթնաժողովում, երբ Թուրքիայի անդամակցությունը չընդունվեց, նաև դրա արդյունքում Թուրքիան անցավ բազմակողմ արտաքին քաղաքականության ու ուշադրությունը սևեռեց նաև Աֆրիկայի ուղղությամբ։ ԵՄ-ի՝ Թուրքիայի անդամակցության հայտը չընդունելը, կարելի է ասել, որ խթան հանդիսացավ, որպեսզի Անկարան ողջ ուշադրությունը չսևեռի միայն ԵՄ-ի անդամակցության գործընթացի վրա, այլ նաև դիտարկի մյուս հնարավորություները՝ ի դեմս աֆրիկյան երկրների։ Ըստ այդմ, Թուրքիան մայրցամաքի համար մշակել էր տարբեր ծրագրեր, որոնք պետք է նպաստեին աֆրիկյան երկրների հետ համագործակցության զարգացմանը։
Նշենք, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը Հյուսիսային Աֆրիկայի ու Ենթասահարյան Աֆրիկայի մասով տարբեր կերպ էր տարվում։ Հյուսիսային Աֆրիկան միշտ համարվել է թուրքական հասարակությանը մոտ՝ Օսմանյան կայսրության հետ ունեցած ընդհանուր պատմության, հիմնականում իսլամադավան բնակչությամբ՝ Մաղրիբի տարածաշարջանի ու Մերձավոր Արևելքի մաս համարվելու պատճառով։ Հաշվի առնելով, որ այդ կարևոր հանգամանքը և Ենթասահարյան Աֆրիկայի հետ հարաբերությունների չափազանց սահմանափակ լինելը Թուրքիային «ստիպել է» պատրաստել համապարփակ գործողությունների ծրագիր աֆրիկյան մայրցամաքի հետ կապված։ Այդ ծրագիրը նպատակաուղղված էր ամուր հիմք ստեղծել հարաբերությունների զարգացման համար։
Թուրքիան Աֆրիկայում ցանկանում է ունենալ մշտական ներկայություն։ Ուստի Աֆրիկայի համար մշակել է կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ ծրագրեր։ Կարճաժամկետ հեռանկարում Թուրքիան ցանկանում էր ստանալ աֆրիկյան երկրների աջակցությունը Կիպրոսի ու ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի (ԱԽ) ժամանակավոր անդամակցության հարցում, միջնաժամկետ հեռանկարում՝ ցանկանում էր զարգացնել առևտրային ու տնտեսական հարաբերությունները, իսկ երկարաժակետ հեռանկարում՝ դառնալ տարածաշրջանային տերություն։ 1998-ին ընդունված ծրագրի համաձայն՝ փոխադարձ քայլեր ձեռնարկվեցին աֆրիկյան երկրների հետ քաղաքական, ռազմական, մշակութային ու տնտեսական հարաբերությունների զարգացման համար, բայց այդ ծրագիրը չկարողացավ առաջընթաց գրանցել ցանկալի տեմպերով ու նպատակաուղղված կերպով՝ կապված 1999-ի և դրանից հետո Թուրքիայի տնտեսական ու քաղաքական խնդիրների հետ։ 2000-ականներին Կենտրոնական Ասիայի, Բալկանների և Մերձավոր Արևելքի վրա կենտրոնանալու հետ մեկտեղ, Թուրքիայի արտաքին քաղաքականությունը սկսեց ուշադրությունը սևեռել Աֆրիկայի ուղղությամբ։
Միայն 2002-ին, երբ Թուրքիայում իշխանության եկավ «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցությունը աֆրիկյան ուղղությունը կրկին սկսեց արժանանալ հատուկ ուշադրության, ձևափոխվել և նոր թափ ստանալ։ Դա էլ պայմանավորված էր նրանով, որ Թուրքիայի նոր իշխանություններն արտաքին քաղաքականության վերաբերյալ ունեին լիովին այլ տեսլականներ ու որոշել էին զարգացնել հարաբերությունները այն երկրների հետ, որոնք նախկինում հետին պլան էին մղվել։ «ԱԶԿ»-ի կառավարման ժամանակաշրջանում Թուրքիան մշտապես նպատակ ուներ վարել այնպիսի արտաքին քաղաքականություն, որը իրեն կդներ որպես կենտրոնական խաղացող համաշխարհային բեմում՝ օգտագործելով աշխարհագրական դիրքի առավելությունները։ Նախկին «ԱԶԿ»-ական արտաքին քաղաքականության տեսական ու հայեցակարգային մշակումների գործում մեծ դեր ունեցած խորհրդական, նախկին ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուի համաձայն՝ Թուրքիայի համար շահավետ կլիներ, որ հարաբերությունները զարգացներ Եվրոպական Միությունից դուրս գտնվող տարածաշրջանների հետ ու Աֆրիկան պետք է ներառել թուրքական նոր արտաքին քաղաքականության մեջ։ Ըստ Դավութօղլուի՝ Թուրքիան պետք է վերասահմանի իր աշխարհագրությունը՝ հիմնվելով այն թեզի վրա, որ Թուրքիան և՛ եվրոպական է, և՛ասիական, և՛ աֆրիկյան՝ հաշվի առնելով իր աշխաահագրական դիրքը։
Դրա հետ մեկտեղ «ԱԶԿ»-ի որդեգրած քաղաքականության կարևոր հիմքերից մեկն էր հանդիսանում Դավութօղլուի «զրո խնդիր հարևանների հետ» սկզբունքը, որի նպատակն էր Թուրքիան դարձնել տարածաշրջանային առաջնորդ Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում։ Ըստ էության, նախատեսվում էր մի Թուրքիա, որը կկարողանա ներգրավվել տարբեր երկրների հակամարտություններում՝ ստանձնելով միջնորդի դեր։ Դավութօղլուն նաև նշել է, որ Թուրքիայի ռազմավարական նպատակը գլոբալ/համաշխարհային դերակատարի վերածվելն է, որն ոչ միայն հետաքրքրված է իր անմիջական տարածաշրջանով, այլ նաև ներկա է ամբողջ աշխարհում ու համաշխարհային քաղաքականության մեջ։
Աֆրիկայում Թուրքիայի նախաձեռնությունը կառուցված է 3 սյուների վրա՝ տնտեսական քաղաքականություն, քաղաքական ներկայացուցչությունների բացում և հումանիտար օգնություն։ Մայրցամաքի նկատմամբ իրականացվող տնտեսական նախաձեռնությունը կարևոր է երկու առումով։ Առաջին՝ արևմտյան շուկաներում համաշխարհային ճգնաժամերի հետևանքով առաջացած լճացումը թուրք արտահանողների համար այլընտրանքային շուկաներ փնտրելու անհրաժեշտություն է առաջացրել։ Երկրորդ կարևոր կետը փոքր ու միջին Աֆրիկայի տեսլականն է, որը կազմում է «ԱԶԿ»-ի տնտեսական և քաղաքական հիմքը, այն է աֆրիկյան երկրների ու Թուրքիայի միջև բարձր մակարդակի այցերի իրականացում, տարբեր միջազգային կազմակերպությունների շրջանակներում մայրցամաքային պետությունների հետ կապերի ամրապնդում, մարդասիրական օգնության տրամադրում, Աֆրիկայում դիվանագիտական ներկայացուցչությունների թվաքանակի ավելացում, մայրցամաքում ՄԱԿ-ի տնտեսական և տեխնիկական աջակացություն և ընթացիկ համագործակցության համաձայնագրերի ստորագրում։ Երրորդը՝ հումանիտար օգնությունն է, որը Թուրքիայի «փափուկ ուժ»-ի ռազմավարության կարևորագույն բաղադրիչներից մեկն է։ Բացի բարձրաստիճան պաշտոնյաներից և ներկայացուցիչներից, «փափուկ ուժ»-ի կիրառման գործում ակտիվ դերակատարում ունեն նաև գործարար աշխարհը, հասարակական կազմակերպությունները և հիմնադրամները։ Վերոնշյալները հաշվի առնելով, կարելի է եզրակացնել, որ Թուրքիան կիրառելով «փափուկ ուժի» գործիքակազմը, ինչպես մյուս տարաշարջաններում այնպես էլ Աֆրիկայում բազմակողմ ու դինամիկ քաղաքականություն է վարում։
Թուրքիայի համար առաջնայինն այն է, որ Աֆրիկայում պետական կառույցները և հասարակական կազմակերպությունները միասին գործեն։ Իր տեսակի մեջ այդ փորձն առաջինն է Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ և առավել ցայտուն է արտահայտված հատկապես աֆրիկյան երկրներից՝ Սոմալիում։ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը կերտող պետական կառույցն արտաքին քաղաքական գերատեսչությունն է, որի հետ համաձայնեցված աշխատանք են իրականացնում «Թուրքիայի համագործակցության և համակարգման գործակալությունը» (TIKA), «Արտերկրում գտնվող թուրքերի և հարակաից համայնքերի վարչությունը» (YTB), «Yunus Emre և Maarif» հիմնադրամները , «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը» (AFAD), թուրքական «Կարմիր մահիկ»-ը (Kızıl ay), «Թուրքական ավիաուղիներ»-ը (THY)։ Այս կերպ տարբեր հասարակական կազմակերպությունների և կառույցների հնարավորություն է տրվում կառուցել և դիվերսիֆիկացնել Թուրքիայի արտաքին քաղաքականությունը նոր մոտեցումներով։ Օրինակ՝․ «TIKA»-ն ողջ Աֆրիկայում ունի ծրագրերի համակարգման 22 գրասենյակ։
2005-ը Թուրքիան հռչակեց Աֆրիկայի տարի և դա ևս մեկ կարևոր ու որոշիչ հանգրվան էր թուրք-աֆրիկյան հարաբերություններում, որն էլ ավելի ընդլայնեց հետաքրքրությունը մայրցամաքի նկատմամբ։ Այն նպատակ ուներ հարաբերություններին նոր թափ հաղորդելու ու երկարաժամկետ կտրվածքով զարգացնելու ու խորացնելու հարաբերությունները։ Թուրքիան իրեն բնորոշել է որպես «աֆրո-եվրասիական» պետություն և գործի է դրել «փափուկ ուժ»-ի գործիքակազմը։
Եթե 2002-ին Թուրքիան Աֆրիկայում ուներ ընդամենը 12 դեսպանատուն, ապա 2022-ի դրությամբ Թուրքիայի դեսպանատների թիվը աֆրիկյան երկրներում հասնում է 44- ի և նրանց հետ պահպանում է ակտիվ դիվանագիտական կապ։ 44-րդ դեսպանատունը 2022-ին բացվել է Գվինեա-Բիսաուի Հանրապետությունում Բիսաուի դեսպանատան բացմամբ։ Առաջիկա տարիներին Թուրքիան մտադրված է դեսպանատների թիվը հասցնել 50-ի: Այդ երկրների թվում Անկարան ունի այնպիսի կարևոր ռազմավարական գործընկերներ ինչպիսիք են Հարավաֆրիկյան Հանրապետությունը (ՀԱՀ), Նիգերիան, Սենեգալը, Քենիան, Տանզանիան, Սոմալին, Սուդանը, Եթովպիան, Լիբիան և Ալժիրը։ Ըստ այդմ՝ Թուրքիան Աֆրիկայում համարվում է ամենաշատ ներկայացվածություն ունեցող չորրորդ երկիրը Չինաստանից (52), ԱՄՆ-ից (50), և Ֆրանսիայից (47) հետո։ Աֆրիկան միակ երկիրն է, որն ունի դեսպանատներ «Աֆրիկայի եղջյուր»-ի բոլոր երկրներում ու ցանկանում է ազդեցիկ դեր խաղալ տարածաշրջանային դինամիկայի վերակառուցման գործում և բազմաթիվ նոր դեսպանատների ստեղծմամբ թուրք-աֆրիկյան երկկողմ հարաբերություններն ավելի ինստիտուցիոնալ են դարձել։ 2022-ի դրությամբ Թուրքիայի նախագահ Էրդողանը պաշտոնավարման (վարչապետության և նախագահության) ընթացքում 53 այց է կատարել աֆրիկյան ավելի քան 31 երկիր։ Այս ցուցանիշով Էրդողանը դարձել է Աֆրիկա ամենաշատ այցելած պետության ղեկավարը։
Կարող ենք ասել, որ բարձր մակարդակի այցերն այսչափ աֆրիկյան երկրներ և բացված ներկայացուցչությունների թվաքանականը ցույց է տալիս, որ Թուրքիան նպատակ ունի ամրապնդել դիվանագիտական ազդեցությունը մայրցամաքում։ Թուրքիան Աֆրիկայում որդեգրել է բազմաշերտ քաղաքականություն և այդ ռազմավարությունը մայրցամաքի նկատմամբ հիմնված է բազմաթիվ ներքին ու արտաքին դրդապատճառների վրա, որն օգնում է Թուրքիային ընդլայնել իր արտաքին տնտեսական շահերը, մեծացնել դիվանագիտական ու ռազմական ինքնավարությունը և ընդլայնել ազդեցությունն ու հեղինակությունը՝ որպես համաշխարհային դերակատար։ Ակներև է, որ Անկարան նպատակադրված է «վերակենդանացնել» երբեմնի Օսմանյան կայսրության տարածքները և իր ազդեցությունն ընդլայնել նախկին Օսմանյան կայսրության տարածքներում՝ այդ թվում Աֆրիկայում։
Աղբյուր՝ Ermeni Haber
Հեղինակ՝ Անի Գալստյան