Հունվարի 6-ին Հալեպում (մեծությամբ 2-րդ քաղաքը Սիրիայում) բախումներ են սկսվել քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈՒ- SDF) և Սիրիայի կառավարական ուժերի միջև, որոնք հանգեցրել են քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և նյութական զգալի վնասների։ Հունվարի 7-ին սիրիական բանակը Հալեպի Շեյխ Մակսուդ և Աշրաֆիե քրդաբնակ թաղամասերը հայտարարել է ռազմական գոտի: Իր հերթին, Հալեպի նահանգապետը մի շարք թաղամասերում պարետային ժամ է սահմանել, իսկ քաղաքացիական բնակչությանը տարհանման կոչ արել: Արդյունքում Հալեպից տարհանվել է 142 հզ. քաղաքացիական անձ։
Այս ռազմական բախումներին ակտիվորեն արձագանքել է Թուրքիան: Մասնավորապես Թուրքիայի արտգործնախարարությունը տարածած հաղորդագրությամբ գործողություններն անհապաղ դադարեցնելու և լարվածությունը թուլացնելու կոչով է հանդես եկել:
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն անդրադառնալով սիրիական ճգնաժամին, հայտնել է, որ «Սիրիայի դեմոկրատական ուժերը» պետք է վերջ դնեն «ահաբեկչությանը և անջատողականությանը»։ Նրա խոսքով՝ նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան՝ անհրաժեշտ է, որպեսզի ՍԴՈւ-ի ստորաբաժանումները դուրս բերվեն Շեյխ Մակսուդ և Աշրաֆիե թաղամասերից, իսկ այդ տարածքները ամբողջությամբ զինաթափվեն ծանր սպառազինությունից։ Նա նշել է, որ միայն այդ պայմաններում Սիրիայի կառավարությունը կկարողանա իր պարտականություններն ու պատասխանատվությունը լիարժեք իրականացնել Հալեպ քաղաքի ամբողջ տարածքում, ինչն էլ կհանգեցնի քաղաքում իրավիճակի կարգավորմանը։ Նրա պնդմամբ՝ դա բխում է Հալեպում բնակվող քուրդ, եզդի և մյուս բոլոր համայնքների շահերից։
Ֆիդանը նաև ընդգծել է, որ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների զարգացումն առանցքային նշանակություն ունի Թուրքիայի ազգային անվտանգության համար: Ֆիդանը այս լարվածության համար շտապել է մեղադրել Իսրայելին, նշելով, որ վերջինիս անվտանգային ռազմավարությունը սնվում է անջատողականությունից, քաոսից և թուլությունից, իսկ ի հեճուկս Իսրայելի, Թուրքիան ցանկանում է կայունություն և տարածաշրջանային խաղաղություն:
Հալեպում տեղի ունեցող բախումներին անդրադարձել է նաև Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Թուրքիայի ՊՆ-ն փորձել է հերքել իրենց երկրի մասնակցությունը այս ռազմական գործողություններին, միաժամանակ վերահաստատել գործողություններին մասնակցելու և իրենց աջակցությունը վայելող սիրիական կառավարական ուժերին շտապ օգնության հասնելու պատրաստակամությունը: «Գործողությունն ամբողջությամբ իրականացվում է Սիրիայի բանակի կողմից։ Սիրիայի անվտանգությունը մեր անվտանգությունն է։ Թուրքիան ուշադիր հետևում է Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին։ Մեր երկիրը, «Մեկ պետություն, մեկ բանակ» սկզբունքի շրջանակում, աջակցում է Սիրիայի միասնությանն ու տարածքային ամբողջականությանը՝ ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարի համատեքստում։ Այս շրջանակում, եթե Սիրիան դիմի օգնության խնդրանքով, Թուրքիան կտրամադրի անհրաժեշտ աջակցությունը»,-ասվել է հաղորդագրությունում։
Թուրքիայի պաշտոնական հայտարարություններում ակնհայտ է ՍԴՈւ-ի նույնացումը «ահաբեկչության» և «անջատողականության» հետ, ինչը երկար տարիներ շարունակվող Անկարայի ռազմաքաղաքական գծի շարունակությունն է։ Այդ համատեքստում Ֆիդանի հայտարարությունները ոչ միայն ուղղված են ՍԴՈւ-ին, այլև ազդակ են ԱՄՆ-ին և արևմտյան այլ դերակատարներին, որոնք տարբեր մակարդակներում համագործակցել են ՍԴՈւ-ի հետ։ Միաժամանակ, Իսրայելի հասցեին հնչեցված մեղադրանքները վկայում են, որ Թուրքիան փորձում է Սիրիայի ճգնաժամը ներառել ավելի լայն՝ տարածաշրջանային դիմակայության շրջանակում՝ այն կապելով Իսրայել–Իրան–Թուրքիա առանցքի հակասությունների հետ։
Ինչ վերաբերում է ՊՆ-ի այս հաղորդագրությանը, ապա այն երկակի բնույթ է կրում․ Մի կողմից՝ պաշտոնապես հերքվում է անմիջական մասնակցությունը, մյուս կողմից՝ հստակ արձանագրվում է միջամտելու պատրաստակամությունը՝ Սիրիայի կառավարության խնդրանքի դեպքում։ Սա փաստում է, որ Անկարան փորձում է պահպանել իրավաքաղաքական մանևրելու դաշտ՝ խուսափելով միջազգային քննադատությունից, սակայն զուգահեռ չզիջելով իր ազդեցությունը Սիրիայի հյուսիսում։
Թուրքիայում գործող քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» կուսակցության (DEM) համանախագահ Թունջեր Բաքըրհանը, անդրադառնալով Հալեպում տեղի ունեցող բախումներին, հայտարարել է․ «Մենք կոչ ենք անում Թուրքիային՝ վարել այնպիսի քաղաքականություն, որը չի սրում լարվածությունը, այլ ուժեղացնում է երկխոսությունը։ Թուրքիան պետք է Սիրիայում ունեցած իր ազդեցությունն օգտագործի ոչ թե պատերազմի, այլ խաղաղության համար։ Հակառակ դեպքում Թուրքիան 60 միլիոն քրդերի աչքում կդիտվի որպես քրդերի դեմ քաղաքականություն վարող երկիր։ 25 միլիոն քրդերով բնակեցված երկրում նրանց ազգականների նկատմամբ թշնամանք դրսևորելը անխղճություն է։ Քրդերը այս երկրի հիմնադրման ժամանակ կյանք են զոհաբերել։ Ե՞րբ են նրանք սպառնալիք դարձել»։
DEM կուսակցության խոսնակ Այշեգյուլ Դողանն էլ հայտնել է, որ Օջալանը ցանկանում է հանդիպել ՍԴՈւ գլխավոր հրամանատար Մազլում Աբդի Քոբանիի հետ: «Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ։ Այն, ինչ տեղի է ունենում այնտեղ (Հալեպ), անխուսափելիորեն անդրադառնում է նաև այստեղ(Թուրքիա)։ Օջալանը պետք է հաստատի անմիջական կապը և իր առաջարկները փոխանցի անմիջապես»,- ասել է նա։
Քաղաքական հայտարարություններին զուգահեռ Թուրքիայում, մասնավորապես քրդաբնակ Դիարբեքիրում Սիրիայի քրդերին աջակցող ցույցեր են անցկացվել։
Այս զարգացումների ֆոնին Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Էրդողանը հայտնել է իր երկրի աջակցությունը անվտանգության և կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերին՝ միաժամանակ ընդգծելով համատեղ համակարգման կարևորությունը՝ մարտահրավերներին և սպառնալիքներին դիմակայելու համար։
Հատկանշական է նաև Թուրքիայի ներսում քրդական քաղաքական դաշտի արձագանքը։ «DEM» կուսակցության հայտարարությունները վկայում են, որ Հալեպում տեղի ունեցող զարգացումները կարող են խորացնել Թուրքիայի ներքին հասարակական և քաղաքական բաժանարար գծերը։ Քրդական հարցը կրկին դառնում է ոչ միայն արտաքին քաղաքական, այլև ներքին կայունության առանցքային խնդիր, իսկ Օջալանի հնարավոր միջնորդական դերակատարության բարձրաձայնումը ցույց է տալիս, որ նույնիսկ մեկուսացման պայմաններում նա շարունակում է դիտարկվել որպես ազդեցիկ ֆիգուր քրդական շարժման տարբեր թևերի համար։
Ինչու՞ է կարևոր Հալեպը Թուրքիայի համար
Հարկ է նշել, որ Թուրքիայի պետական քարոզչամեքենան և հանրության մի լայն շրջանակ շարունակում է Հալեպը թուրքական դիտարկել։ Դրա պատճառն այն է, որ 1867թ․ Հալեպը եղել է Օսմանյան կայսրության վիլայեթ (նահանգ), ինչն այսօր էլ օգտագործվում է «պատմական ժառանգության և ազդեցության իրավահաջորդության» տրամաբանությամբ հիմնավորելու Թուրքիայի հատուկ հետաքրքրվածությունն այդ քաղաքի նկատմամբ։ Դրանով է պայմանավորված Թուրքիայի արտաքին քաղաքականության բաղադրիչը համարվող նեոօսմանյան գաղափարախոսության դրսևորումը, որը միտված է նախկին օսմանյան տարածքներում քաղաքական, ռազմական և մշակութային ազդեցության պահպանմանն ու ընդլայնմանը։
Աղբյուր՝ Ermenihaber.am
Հեղինակ՝ Էլեն Քոքչյան






